Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի կալանավորված ուսուցչին առաջադրված մեղադրանքը չափազանց լուրջ է. Ժաննա Անդրեասյան
«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում տեղի ունեցած դեպքի հետ կապված ԿԳՄՍ նախարարությունը դիմել է իրավապահ մարմիններին՝ որոշակի տեղեկատվություն ստանալու համար»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով. «Քանի որ ահազանգեր էինք ստանում, որ հատուկ գործողության ժամանակ երեխաների իրավունքների և լավագույն շահի տեսանկյունից խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել»:
Ըստ նրա՝ այժմ սպասում են իրավապահների արձագանքին, որ հասկանան ամբողջական պատկերը. «Ես նաև խոսել եմ իրավապահ մարմիների իմ գործընկերների հետ և առաջարկել, որ միասին հասկանաք ընթացակարգերի տեսանկյունից, և անհրաժեշտ աջակցություն, խորհրդատվություն տանք, թե երեխաների ներկայությամբ ինչպես պետք է իրականացվեն որոշ գործողություններ»:
Անդրեասյանի խոսքով՝ այն մեղադրանքը, որն առաջադրվել է ուսուցչին, չափազանց լուրջ է:
«Մենք ինքներս ամեն կերպ պետք է աջակցենք, որ մեր դպրոցներում բոլոր նման խնդիրները բացահայտվեն, բոլորս էլ հասկանում ենք, որ իրականում մարդիկ գրեթե չեն խոսում նման խնդիրներից, կամ խոսում են, բայց մնում են չլսված: Հետևաբար, որպես ԿԳՄՍ նախարարություն, մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս, որ մեր դպրոցներում նմանատիպ բոլոր իրավիճակներն առաջին հերթին կանխարգելվեն, բայց եթե կան էլ, ապա բացահայտվեն և մինչև վերջ օրենքի տեսանկյունից այդ բոլոր քայլերն արվեն: Սա չի նշանակում, թե երեխաների միջավայրում չպետք է հաշվի առնել՝ ինչպես է պետք կազմակերպել, օրինակ, անհրաժեշտ որևէ գործողություն»,- նշեց նա:
Կարծիքներ