Վրաստանն ու Ուկրաինան գործընկերներ են, որոնց մենք բարձր ենք գնահատում. Յենս Ստոլտեբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեբերգը ասել է, որ դաշինքի ապագայի վերաբերյալ իր զեկույցը մինչև 2030 թվականը կարտացոլի գործընկեր երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի ու Վրաստանի շահերը:
Այս մասին նա ասել է չորեքշաբթի Բրյուսելում հեռավար մամուլի ասուլիսի ժամանակ, որը տեղի է ունեցել դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման նախօրեին: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-23-ը` հեռակոնֆերանսի ձևաչափով՝ հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ի համար «գործընկերությունը մեծ նշանակություն ունի»:
«Վրաստանն ու Ուկրաինան գործընկերներ են, որոնց մենք շատ բարձր ենք գնահատում: Դրանք ՆԱՏՕ-ի համար կարևոր են բազմաթիվ պատճառներով. նրանք մասնակցում են ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, և սևծովյան տարածաշրջանում ունեն ռազմավարական նշանակություն: Ուստի նրանց հետ սերտ համագործակցությունը, նրանց հետ քննարկումները և նրանց ունկնդրելը ՆԱՏՕ-2030-ի վերաիմաստավորման ողջ գործընթացի կարևոր մասն է», – ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե որտեղ և երբ տեղի կունենա ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովը 2021 թվականին, դաշինքի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ որոշումը դեռ կայացված չէ:
Կարծիքներ