Ադրբեջանցի իրավաբանն ահազանգել է զոհերի հուղարկավորությունը լուսանկարողների նկատմամբ բռնության մասին
Ադրբեջանցի փաստաբան Ասլան Իսմայիլովը սոցիալական ցանցերում ահազանգել է երկրում բռնությունների նոր դրսևորումների մասին՝ մասնավորապես նշելով,որ արգելվել է լուսանկարել զոհերի հուղարկավորությունը, իսկ այն հարազատները,որոնք լուսանկարներ են տարածում, ենթարկվում են բռնության:
«Բազմիցս հաղորդվել է, որ գործադիր իշխանության ներկայացուցիչները թույլ չեն տվել լուսանկարել զոհվածների հուղարկավորությունը, և երբեմն նույնիսկ կոպիտ են վարվել զոհվածների ընտանիքի անդամների հետ: Կարծում եմ, որ դա բացարձակապես անընդունելի է: Հնարավոր է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կա ինչ-որ հաստատության հանձնարարական: Սա չի նշանակում, որ այն պետք է ուղեկցվի բռնության գործադրմամբ»,- նշել է փաստաբանը:
Ադրբեջանցի փաստաբանի կարծիքով, հուղարկավորությունների լուսանկարներն անհրաժեշտ են, թե «որպես մխիթարություն», թե հետագա «ռազմահայրենասիրական աշխատանքի» նյութ:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ողջ ընթացքում ադրբեջանական կողմը չի հրապարակել զոհերի թվի մասին որևէ տեղեկություն: Ըստ հայկական կողմերի հրապարակած տվյալների, Ադրբեջանի բանակն ունի 7050 զոհ:
Կարծիքներ