Նավթի և գազի նոր գործարքների փորձ՝ կլիման փրկելու փոխարեն. Ադրբեջանում COP29-ից առաջ խոշոր սկանդալ է

Նավթի և գազի նոր գործարքների փորձ՝ կլիման փրկելու փոխարեն. Ադրբեջանում COP29-ից առաջ խոշոր սկանդալ է

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-ից 22-ը հենց Ադրբեջանում:

Մեկնարկից մի քանի օր առաջ BBC-ն տեսագրություն է ստացել, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում է հանածո վառելիքի հնարավոր գործարքները:

Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն օգտագործել է իր պաշտոնը՝ փորձելով ներդրումներ ներգրավել իր հետ կապված պետական նավթագազային ընկերությունում: Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա քննարկում հնարավոր գործարքը մի տղամարդու հետ, ով ներկայանում է որպես ներդրող:

«Մենք ունենք բազմաթիվ գազի հանքավայրեր մշակելու համար»,- ասում է նա ձայնագրության մեջ:

ՄԱԿ-ի կլիմայի գործակալության նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի» են և «դավաճանում» են COP-ի բոլոր ջանքերին:

Նշենք՝ Սուլթանովը ոչ միայն COP29-ի ղեկավարն է, այլ նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը։ Նա SOCAR-ի՝ Ադրբեջանի նավթագազային պետական ընկերության խորհրդի անդամ է։

Ադրբեջանական COP29 թիմը չի պատասխանել BBC-ի հարցումներին:

Նավթին և գազին բաժին է ընկնում Ադրբեջանի տնտեսության կեսը և արտահանման ավելի քան 90%-ը։

COP29-ը կմեկնարկի երկուշաբթի: Սա 29-րդ տարեկան գագաթնաժողովն է, որտեղ ՄԱԿ-ի կառավարությունները քննարկում են կլիմայի փոփոխությունը և դրա դեմ պայքարելու ուղիները:

Արդեն երկրորդ տարին անընդմեջ BBC-ն հայտնաբերում է ենթադրյալ ապօրինություններ՝ կապված գագաթնաժողովը ընդունող կառավարության հետ: BBC-ին տրամադրվել են Global Witness իրավապաշտպան կազմակերպության կողմից պատրաստված փաստաթղթեր և գաղտնի տեսանյութեր։

Նրա ներկայացուցիչներից մեկը մոտեցել է COP29 թիմին՝ ներկայանալով որպես ֆիկտիվ հոնկոնգյան ներդրումային ընկերության ղեկավար, որը մասնագիտացած է էներգետիկայում։ Նա ասել է, որ ընկերությունը շահագրգռված է հովանավորել COP29 գագաթնաժողովը, սակայն դրա դիմաց կցանկանար քննարկել SOCAR-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Սուլթանովն էլ առցանց հանդիպում է կազմակերպել:

Հանդիպման ընթացքում Սուլթանովը պոտենցիալ հովանավորին ասել է, որ համաժողովի նպատակն է «լուծել կլիմայական ճգնաժամը» և «ածխաջրածիններից հեռու մնալը արդար, կանոնավոր և արդարացի ձևով»:

Նա ասել է, որ ցանկացած մարդ, այդ թվում՝ նավթագազային ընկերությունները, «կարող են գալ լուծումներով», քանի որ «Ադրբեջանի դռները բաց են» բոլորի համար։ Միաժամանակ նա նշել է, որ բաց է գործարքների քննարկման համար, այդ թվում՝ նավթի ու գազի։

Սուլթանովն ի սկզբանե առաջարկել է պոտենցիալ աջակցին մտածել ներդրումներ կատարել «մաքուր էներգիայի անցումային նախագծերում», որոնցում ներգրավված է SOCAR-ը, բայց հետո նշել է գազի արդյունահանումը մեծացնելու Ադրբեջանի պլանների հետ կապված հնարավորությունները՝ ներառյալ նոր խողովակաշարերի ենթակառուցվածքը: Նա խոսել է համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորության մասին։

«SOCAR-ը նավթի և գազի առևտուր է անում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում»,- ասում է նա տեսանյութում։

Նա բնական գազն անվանել է «անցումային վառելիք» և նշել. «Մենք որոշակի քանակությամբ նավթ և բնական գազ կարտադրենք, գուցե այդպես լինի միշտ»։

Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական խորհուրդը ընդունում է, որ նավթն ու գազը իրենց դերը կունենան մինչև 2050 թվականը և դրանից հետո: Այնուամենայնիվ, հստակեցվում է, որ «նավթի և գազի նոր հանքավայրերի զարգացումը անհամատեղելի է տաքացումը մինչև 1,5 °C սահմանափակելու հետ»:

Դա նաև հակասում է կլիմայական վերջին գլոբալ գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնությանը հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ:

Սուլթանովը խոստացել է պոտենցիալ ներդրողին, որ կօգնի կապ հաստատել իր թիմի և SOCAR թիմի միջև։ Մի քանի շաբաթ անց կեղծ հոնկոնգյան ընկերությունը նամակ է ստացել ադրբեջանականից։

COP գործընթացի միջոցով բիզնես գործարքներ կնքելու փորձը համարվում է գագաթնաժողվի կանոնակարգի լուրջ խախտում, քանի որ թիմի ջանքերը պետք է ուղղված լինեն հանածո վառելանյութերի՝ կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժի նվազեցմանը, այլ ոչ թե դրանց ավելի շատ վաճառքին:

Կանոնները սահմանվում են կլիմայի վերաբերյալ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) կողմից:

ՄԱԿ-ից հայտնել են, որ չեն կարող ուղղակիորեն մեկնաբանել իրավիճակը, սակայն՝ նշել, որ ցանկացած երկիր, որը հյուրընկալում է համաժողովը, ենթարկվում է նույն խիստ չափանիշներին, և այդ չափանիշներն արտացոլում են «բոլոր որոշումներ կայացնողների անաչառության կարևորությունը»:

COP-ի պաշտոնյաների վարքագծի կանոնագրքում ասվում է, որ նրանք «պարտավոր են գործել առանց կողմնակալության, ֆավորիտիզմի, քմահաճույքի, սեփական շահի, բարեհաճության կամ զիջման և գործել առողջ, անկախ, արդար դատողությամբ»:

Նրանց անձնական տեսակետներն ու համոզմունքները չպետք է վտանգի ենթարկեն իրենց դերն ու գործառույթները՝ որպես UNFCCC-ի պաշտոնյաներ:

Քրիստիանա Ֆիգերեսը, որը վերահսկում էր 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը՝ գլոբալ տաքացումը 2C աստիճանից ցածր նվազեցնելու համար, BBC-ին հայտնել է, որ ինքը ցնցված է, որ COP-ի ցանկացած պաշտոնյա կարող է օգտագործել իր դիրքը նավթի և գազի գործարքներ ապահովելու համար:

Նրա խոսքով՝ դա դավաճանություն է, և նման պահվածքը հակասում է COP-ի նպատակներին։

BBC-ի լրագրողները վերանայել են COP29 թիմի և կեղծ ներդրողների նամակագրությունը։ Մեկ էլփոստի ցանցում քննարկվել է 600,000 դոլարի հովանավորչական գործարք, որը SOCAR-ին հնարավորություն կտա մասնակցել COP29-ի ընթացքում «նավթի և գազի կայուն ներդրումներին» նվիրված միջոցառմանը:

Նամակագրությունը ներառում էր նաև գագաթնաժողովին ամբողջական հասանելիության հինգ ուղեցույց և պայմանագրի նախագիծ, որն ի սկզբանե ընկերությունից պահանջում էր որոշակի կայունության պարտավորություններ ստանձնել: Այնուհետև պայմանագիրը վերանայվել է, մի պահանջ հանվել, և մյուսի «ճշգրտումները» դիտարկվել են:

Ո՛չ SOCAR-ը, ո՛չ ադրբեջանական COP29 կազմակերպությունները չեն արձագանքել BBC-ի՝ իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին։

Անցյալ տարի էլ BBC-ն ձեռք էր բերել փաստաթղթեր, որոնք բացահայտում էին COP28-ի հյուրընկալող ԱՄԷ-ի պլանները՝ օգտագործելու իր հյուրընկալող դերը նավթի և գազի գործարքներ ապահովելու համար:

COP28-ն առաջին գագաթնաժողովն էր, որը համաձայնություն ձեռք բերեց հանածո վառելիքի օգտագործումը աստիճանաբար դադարեցնելու անհրաժեշտության վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում