Սեպտեմբերից Չայկովսկու անվան դպրոցում կբացվի երգեհոնի դասարան
Երևանի Պյոտր Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում տեղի է ունեցել երգեհոնի շնորհանդես-համերգ:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Երգեհոնը դպրոցին է նվիրաբերել Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Գարրի Եփրիկյանը: Նա սեպտեմբերից ղեկավարելու է նորաբաց երգեհոնային դասարանը:
Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դպրոցին նշանակալի օրվա կապակցությամբ՝ նշելով. «Բարձր ենք գնահատում երգեհոնը Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցին նվիրելու պատրաստակամությունը: Այն նոր հնարավորություն է՝ վերականգնելու Չայկովսկու դպրոցում երգեհոնային լավ ավանդույթները՝ նաև երաժշտության ուսուցման մասով»: Նախարարն ընդգծել է, որ սեպտեմբերից երգեհոնային երաժշտության դասավանդման առարկան կդառնա ուսումնական պլանի մաս:
«Պետք է ջանքերն ուղղենք երգեհոնային երաժշտության և արվեստի զարգացմանը՝ դպրոցից սկսած: Մենք ամեն տարի անցկացնում ենք երգեհոնային երաժշտության փառատոն. կարծում եմ՝ այստեղ նստած երեխաները փառատոնի ապագա մասնակիցներն են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել, որ մասնագիտական կարողության զարգացմամբ կբարելավվի նաև մասնագիտական կադրերի խնդիրը:
Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցի կամերային նվագախումբը, դիրիժոր՝ Դավիթ Մարուխյան, մենակատարներ՝ Գարրի Եփրիկյան (երգեհոն), Օվսաննա Հարությունյան (ջութակ), Տիգրան Բերկելյան (կլավեսին):
Կարծիքներ