Բաքվում բացված «ցուցահանդես-պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է. Արման Թաթոյանը՝ Ալ Արաբիա հեռուստաընկերությանը
ՀՀ ՄԻՊ գրասենյակը հրապարակել է համաշխարհային արաբական Ալ Արաբիա (Al Arabia) հեռուստաընկերությանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Արման Թաթոյան հարցազրույցը 2021թ. ապրիլի 12-ին Բաքվում բացված՝ 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» վերաբերյալ:
««Պուրակի» տեսանյութերից ու լուսանկարներից ակնհայտ է, որ ցուցադրությունն արված է հայկական զինծառայողների մանեկեններով (մոմե ցուցադրությամբ)՝ հայատյացությունն ու թշնամանքն ավելացնելու, խրախուսելու համար, հրապարակայնորեն նսեմացնելու համար պատերազմում զոհվածների հիշատակը, անհայտ կորածներին ու գերիներին, ոտնահարելու համար նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը:
Բացված «պուրակում» ցուցադրված են նաև հայ գերիներին վերաբերող տեսարաններ: Այս քայլը հատկապես դատապարտելի է այն ֆոնին, որ Ադրբեջանում շարունակում են ապօրինաբար, մարդու իրավունքների միջազգային պահանջների կոպիտ խախտմամբ պահվել գերիներ՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք:
Ակնհայտ է, որ այս զգայուն հարցը պատճառում է հոգեկան ցավ ու տառապանք անհայտ կորածների և գերիների ընտանիքներին ու հայկական հասարակությանն, առհասարակ:
Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վեր է հանել ցուցահանդեսի վերաբերյալ ադրբեջանական սոցիալական ցանցերի գրառումներ, որոնք միայն ողջունում ու խրախուսում են Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունը, իսկ մեկնաբանությունները վկայում են ակնհայտ հայատյացության ու թշնամանքի մասին:
Ակնհայտ է, որ այդ «պուրակը» պետական աջակցությամբ հայատյացության և ադրբեջանական ցեղասպան քաղաքականության ապացույց է»,- ասել է Արման Թաթոյանը:
Կարծիքներ