Վրաստանում քրեական գործ են հարուցել Շովի առողջարանում 18 զոհի պատճառ դարձած սողանքի առնչությամբ

Վրաստանում քրեական գործ են հարուցել Շովի առողջարանում 18 զոհի պատճառ դարձած սողանքի առնչությամբ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջարանային ավանում 18 մարդու կյանք խլած սողանքի առնչությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել են հանրապետության Ներքին գործերի նախարարությունից։

«Միջադեպի առաջին իսկ րոպեներից սկսվել է քրեական հետաքննություն: Գործը հարուցվել է երկու հոդվածներով, սակայն հետաքննության ընթացքում հոդվածները կարող են վերաորակվել», - ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլիի խոսքերն է փոխանցում ТАСС գործակալությունը։

Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավարը պարզաբանել է, որ գործը հարուցվել է Վրաստանի Քրեական օրենսգրքի 116-րդ (անզգուշությամբ մահ պատճառելը) և 240-րդ (անվտանգության կանոնների խախտում հանքային, շինարարական կամ այլ աշխատանքներ կատարելիս) հոդվածներով։

Շովիում լայնամասշտաբ սողանքը տեղի ունեցել օգոստոսի 3-ին:  Զոհվել է 18 մարդ, ևս 16-ը համարվում է անհայտ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից իջել է ավելի քան 5 մլն խմ հող։ Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմել է 26 հա։ Օգոստոսի 7-ը Վրաստանում է հայտարարվել սգո օր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում