Պրահայի իշխանությունները Ռուսաստանի դեսպանատնից պահանջել են վերադարձնել կես հեկտար հող
Պրահայի իշխանությունները Ռուսաստանից պահանջել են վերադարձնել «Ստրոմովկա» քաղաքային այգու մի մասը, որն այժմ զբաղեցնում է Չեխիայի մայրաքաղաքում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը: Այս մասին հայտարարել է «Պրահա-7» շրջանի ղեկավար Յան Չիժինսկին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Պրահայի քաղաքային խորհուրդը կոչ է արել Չեխիայի կառավարությանը բանակցություններ վարել Ռուսաստանի դեսպանատան հրապարակը մինչև 1968 թվականի Վարշավայի պայմանագրի զորքերի ներխուժման վիճակի բերելու մասին: 53 տարի հետո Ռուսաստանի Դաշնության կողմից «Ստրոմովկայի» մի մասի գրավումը վերջապես պետք է ավարտվի»,- գրել է նա իր թվիթերյան էջում:
Ինչպես գրում է Novinky.cz-ը, խոսքը Պրահայում կես հեկտար հողատարածքի մասին է, քաղաքային իշխանությունները ցանկանում են այնտեղ վերականգնել կանաչ տարածքը:
Ըստ պարբերականի՝ Վարշավայի պայմանագրի երկրների զորքերը Չեխիա մուտք գործելիս գրավել են Պրահայի «Ստրոմովկա» այգին, որտեղ նրանք ճամբար են հիմնել ու օգտագործել են այն որպես հենակետ: Պրահայում Խորհրդային Միության դեսպանության տարածքը, ի վերջո, տարածվել է «Ստրոմովկա» այգու մի մասի վրա, իսկ 1990-1991 թվականներին Չեխիայից խորհրդային զորքերի հեռանալուց հետո ոչինչ չի փոխվել:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Չեխիայի ԱԳ նախարարի պաշտոնակատար Յան Գամաչեկը հայտարարել էր ՌԴ դեսպանության 18 աշխատակցի արտաքսելու որոշման մասին, որոնք, նրա խոսքով, ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության և Գլխավոր հետախուզական վարչության սպաներ են և առնչություն են ունեցել Վրբետիցե գյուղի զինամթերքի պահեստում 2014 թվականին տեղի ունեցած պայթյունին: Դիվանագետներին 48 ժամ էր տրվել երկրից հեռանալու համար:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան բողոքի նոտա է հղել Պրահային ռուս դիվանագետներին արտաքսելու որոշման պատճառով, այնուհետև Չեխիայի դեսպանին կանչել են ԱԳՆ:
Կարծիքներ