Հունաստանում 40 աստիճան շոգի պատճառով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները
Հունաստանի տարածքի մեծ մասում սաստիկ շոգ եղանակ է հաստատվել․ ստվերում ջերմաստիճանը հասել է 43 աստիճանի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունական News247 լրատվական հարթակը նշում է, որ իշխանությունները կանխարգելիչ նպատակով փակել են մանկապարտեզներն ու դպրոցները, կազմակերպությունների և ձեռնարկությունների աշխատակիցներին խորհուրդ է տրվել հնարավորինս աշխատել հեռավար ռեժիմով:
Այս ամռան շոգի առաջին ալիքի կապակցությամբ երկրի Առողջապահության նախարարության ղեկավարությունը բուժհաստատություններին և շտապ օգնության ծառայություններին կոչ է արել լինել բարձր պատրաստության վիճակում՝ ծայրահեղ բարձր ջերմաստիճաններից առաջացող ցանկացած խնդիր արագ և արդյունավետ լուծելու համար։
Քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարությունն իր հերթին կոչ է արել բնակիչներին, հատկապես՝ խոցելի խմբերին, լինել զգույշ՝ խուսափելու առողջական խնդիրներից, այդ թվում՝ բարձր ջերմաստիճանի հետևանքով ջերմային հարվածներից։ Քարտուղարությունը հրապարակել է նաև հրդեհների ռիսկի քարտեզ, որի համաձայն հունիսի 11-ին անտառային հրդեհների շատ բարձր ռիսկ է կանխատեսվում Կենտրոնական Հունաստանի տարածաշրջանի, Ատտիկայի մայրաքաղաքային մարզի և Պելոպոնես թերակղզու համար:
Ազգային օդերևութաբանական ծառայության արտակարգ տեղեկագրի համաձայն՝ Աթենքում հունիսի 11-ին ցերեկը ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի, իսկ հունիսի 12-ին՝ 42 աստիճանի: Հունաստանի այլ շրջաններում սպասվում է 37-43 աստիճան տաքություն։ Նման շոգ եղանակը կպահպանվի մոտ երեք օր, այնուհետև ցերեկը ջերմաստիճանը կնվազի մինչև այս սեզոնի համար սովորական 34-35 աստիճան:
Կարծիքներ