Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար

Կկանգնենք մինչև վերջ, բայց երբեք չենք լինի Ադրբեջանի կազմում. Արցախի ԱԳ նախարար

Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ կոչ անելով սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի:

ԱԳ նախարարի խոսքով՝ թեև Արցախը հիմա «վերակենդանացման բաժանմունքում է», թեև արցախյան «վահանը» ջարդված է, բայց ոչնչացված չէ: Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը մնացել է անփոփոխ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Պարոն Բաբայան, Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե իրենց հասած «ոչ պաշտոնական տեղեկություններով»՝ «Հայաստանը պատրաստ չէ» Ադրբեջանի հետ «խաղաղության համաձայնագրի» ստորագրմանը: Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով այս հայտարարությունը, ասաց, որ քանի դեռ Արցախի կարգավիճակի հարցը վերջնականապես լուծված չէ՝ այլ լուծումների մասին դժվար կլինի խոսել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ համաձայնագրի մասին է խոսում Ալիևը, ի՞նչ նպատակով է նման հայտարարություն անում և որքանո՞վ է հիմա ընդհանրապես իրական խոսել խաղաղության պայմանագրի կնքման մասին՝ հաշվի առնելով այն բարդ խնդիրների ամբողջ համալիրը, որ այսօր ունենք Արցախյան հիմնահարցի և հայ-ադրբեջանական կոնֆլիկտի տիրույթում:

– Ես ասեմ հետևյալը: Մենք ընդհանրապես պետք է կենտրոնանանք ոչ թե Ալիևի կողմից հնչեցվող այդ իրավական գաղափարների վրա, ասենք՝ պայմանագիր, համաձայնագիր, խաղաղություն և այլն, այլ նրա կողմից շրջանառության մեջ արդեն իսկ դրված նոր թեմայի վրա, որը շատ կանխատեսելի էր և որի մասին մենք տարիներ շարունակ խոսում ենք, կարծես, թե բոլորը հասկանում էին, բայց հիմա զարմանում են՝ «էդ ո՞նց է, էդ ի՞նչ է կատարվում»: Ալիևը նոր աշխարհաքաղաքական թեմա է բացել, նոր աշխարհաքաղաքական ճակատ է բացել՝ զանգեզուրյան ճակատը: Եվ սա արդեն դարձել է քննարկման առարկա, դարձել է իրականություն: Տարիներ շարունակ մենք ասում էինք՝ եթե, Աստված մի՛ արասցե, Արցախը թուլանա, մայր Հայաստանը կլինի մահացու վտանգի տակ, ոմանք մտածում էին, թե Արցախը բեռ է, ազատվելով լավ կապրեն, առևտուր կանեն: Ո՛չ, այդպես չէ և չի լինելու այդպես: Տեսնո՞ւմ եք՝ Արցախը թուլացել է, հիմա զանգեզուրյան ճակատն է բացվել: Հիմա Ադրբեջանը անցել է զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատի բացման գործընթացին:

– Ի՞նչ է դա նշանակում:

– Դա նշանակում է հետևյալը, որ Արցախի՝ այս վիճակում հայտնվելուց հետո, – աշխարհաքաղաքական, հոգեբանական, տնտեսական և այլ առումներով մենք գտնվում ենք վերակենդանացման բաժանմունքում, – այդ վահանը ջարդված է. ոչնչացված չէ, բայց ջարդված է, և հիմա այլ ճակատ է բացվել՝ զանգեզուրյան ճակատը:

Ի՞նչ են անում նրանք: Նրանք միշտ խոսում էին, որ «Զանգեզուրը ադրբեջանական է» և նմանատիպ անհեթեթ բաներ: Հիմա անցել են դրա պրակտիկ կիրառմանը, այդ պրոյեկտի իրականացմանը: Ստեղծել են «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան»: Իմիջիայլոց, այդ տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է: Հետո այդ տնտեսական շրջանները վերածվելու են մարզերի կամ վիլայեթների: Բայց հարցն այն է, որ «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջան» և ընդհանրապես Զանգեզուր անունը կրող որևէ տնտեսական, մշակութային կամ վարչատարածքային միավոր Ադրբեջանում երբեք չի եղել: Հիմա նրանք ստեղծել են այդ տնտեսական շրջանը: Վաղը դա կդարձնեն վարչատարածքային միավոր:

Եթե կա «Արևելյան Զանգեզուր»՝ մենք ասել ենք, որ հենց դա ստեղծեց՝ կխոսի «Արևմտյան Զանգեզուրի» մասին: Երեկ Ալիևը դրա մասին խոսեց: Ասաց, թե «Արևմտյան Զանգեզուրը, որը բռնակցված է Հայաստանին, պետք է ազատագրվի»: Եվ ի՞նչ արեց: Նա «Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը», որը նախկինում կոչում էին Քելբաջար-Լաչինի տնտեսական շրջան, թեպետ նրանք չէին վերահսկում, բայց դրա մեջ ներառեց նույն Քելբաջարը՝ Քարվաճառը, ինչպես նաև Հադրութի հարավային մասը՝ Ջաբրայիլ կոչեցյալը: Այսինքն՝ ո՛չ այդ Ջաբրայիլը, ո՛չ էլ Քարվաճառը պատմականորեն երբեք Զանգեզուր չեն կոչվել: Հետևաբար ինչո՞ւ է հիմա այդպես կոչել. որ զուգահեռաբար նույնանման տարածքի վրա ստեղծի «Արևմտյան Զանգեզուր» հասկացությունը և սկսի այդ գործընթացը: Իսկ դա Սևանա լճի գրեթե ողջ հարավային ավազանն է, Վայոց ձորն է, Սյունիքի մարզն է: Եվ արդեն առաջին քայլն արել է՝ այդ հասկացությունը դնելով շրջանառության մեջ: Եվ խոսում է ոչ թե նույնիսկ Մեղրիի, այլ «զանգեզուրյան միջանցքի» մասին: Այսինքն՝ այդ աշխարհաքաղաքական ճակատը արդեն սկսել է գործել:

Պետք է սթափվե՛նք, հասկանա՛նք՝ ինչ է կատարվում, պատրա՛ստ լինենք: Նրանք շատ պատրաստված են գալիս աշխատանքին, գործին պատրաստված են մոտենում: Մենք սա էլ պետք է հաշվի առնենք: Քայլ առ քայլ են մոտենում: Սկզբում՝ տնտեսական շրջան, հետո դարձնելու են վարչատարածքային: Եվ հիմա սկսել է գործել: Դրա համար անընդհատ նմանատիպ հայտարարություններ են անելու: Եթե ինքը ուզում է խաղաղության պայմանագիր, ապա ասելու է՝ «հանձնեք ինձ Արևմտյան Զանգեզուրը», «հանձնեք ինձ Գյոքչան», որը Սևանն է, «հանձնեք ինձ Երևանը»: Եվ դա արդեն երևում է: Իրենց աշխարհաքաղաքական հիմնական հարվածների ուղղությունները շատ պարզ են: Նրանք ամենաազնիվ թշնամիներն են. երբեք չեն թաքցրել իրենց բուն նպատակները:

– Պարոն Բաբայան, վարչապետի պաշտոնակատարը ասել է, որ Ադրբեջանը այսպես կոչված «միջանցքի» մասին հայտարարություններ անում է եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը խաթարելու և տարածաշրջանային կոմունիկացիաների բացում թույլ չտալու համար:

– Տեսեք: Մենք տրանսպորտային կոմունիկացիաները պետք է տարբերենք աշխարհաքաղաքական հասկացությունից: Նա չի ասում՝ Մեղրիով անցնող ճանապարհ, նա ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», «Արևմտյան Զանգեզուր», «Արևելյան Զանգեզուր»: Սա արդեն աշխարհաքաղաքական է, հասկանո՞ւմ եք:

– Երևանը ասում է՝ միջանցք՝ չէ, բայց ճանապարհ կարող է բացվել: Իսկ ի՞նչ նկատի ունեն ադրբեջանցիները՝ «միջանցք» ասելով:

– «Միջանցքը», իրենց պատկերացմամբ, «Արևմտյան Զանգեզուրի» միացման առաջին քայլն է: Այսպես պետք է հասկանալ: Թուրքիա-Ադրբեջան միացման և «Արևմտյան Զանգեզուրի», ասել է, թե մեր հայոց ժայռաբեկորների աստիճանաբար բռնակցումն է Ադրբեջանին: Սրանք այդպես են մտածում, և պետք չէ իլուզիաներով տառապել:

– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ Արցախի մեծ մասի բռնազավթումից հետո Ադրբեջանը անցնելու է Սյունիքի բռնազավթմա՞նը:

– Արդեն անցե՛լ է: Պարզապես ոչ թե սրընթաց ձևով, լայնածավալ պատերազմ հայտարարելով, այլ՝ կամաց-կամաց:

– Բայց, ներեցեք, այս իրավիճակում խոսում են խաղաղության համաձայնագրի, ճանապարհների բացման, տրանսպորտային կապերի վերականգնման, ապաշրջափակման, սահմանագծման և սահմանազատման մասին: Այս իրավիճակում, երբ, ինչպես Դուք եք ասում, Ադրբեջանը փաստացի սկսել է Սյունիքի բռնազավթման իր ծրագրի իրականացումը, նմանատիպ խոսակցությունները մի քիչ տարօրինակ չե՞ն:

– Իսկ Ալիևը երբևիցե թաքցրե՞լ է իր այդ մտադրությունները: Նա բացեիբաց հայտարարում է դրա մասին: Ոչ մի տարօրինակ բան չկա, որովհետև կա տարբեր մոտեցում, տարբեր պատկերացում, տարբեր աշխարհընկալում: Իրենց աշխարհընկալումն այդպիսինն է:

– Պարոն Բաբայան, պատերազմից հետո ձևավորված նոր ստատուս-քվոյի պայմաններում խոսում են խաղաղության պայմանագրի, բանակցությունների վերսկսման և այլնի մասին, Երևանն ասում է՝ առաջնահերթությունը Արցախի կարգավիճակի ճշգրտման հարցն է, Ադրբեջանը այլ հայտարարություններ է անում: Որտե՞ղ է Արցախը այս խոսակցություններում: Արցախի Հանրապետությունը այլևս սուբյեկտ չէ՞: Ո՞րն է Արցախի դիրքորոշումը: Արցախի կարծիքը ոչ ոք չի՞ հարցնում հիմա:

– Արցախի կարծիքը մնացել է անփոփոխ՝ մենք Ադրբեջանի մաս չենք լինելու երբեք: Բոլորը պետք է սա լավ հասկանան: Ասենք, դեսպանները վեր են կենում, գալիս են Շուշի: Դրանով, փաստորեն, Ադրբեջանին և ասում են՝ «Արցախը ձերն է»: Մեզ համար դա անընդունելի: Մենք ասում ենք՝ այստեղ երկու տարբերակ կա. կա՛մ պետք է կանգնենք մինչև վերջ, մինչև վերջին կաթիլ արյունը, կոտորվենք, կա՛մ պետք է ազգովի դուրս գանք: Ուրիշ տարբերակ չկա, չե՛նք լինելու Ադրբեջանի կազմում: Սա պարզ է: Սա է մեր դիրքորոշումը:

– Շատ լավ: Այդ դեպքում ինչպե՞ս է պաշտոնական Ստեփանակերտը պատկերացնում Արցախի կարգավիճակը մոտ ապագայում՝ հաշվի առնելով ռազմաքաղաքական դրությունը և մասնավորապես՝ ռուս խաղաղապահների, ռուսական զորքերի ներկայությունը Արցախում:

– Ինքնակառավարվող, անկախ երկիր, առանձին սուբյեկտ, որը ունի իր աշխարհաքաղաքական դերակատարությունը տարածաշրջանում: Որպես աշխարհաքաղաքական սուբյեկտ պետք է հանդես գանք:

– Անկախ հանրապետություն, որը հետո ձգտելու է Հայաստանի հետ միացմա՞նը, թե՞ որը լինելու է Ռուսաստանի կազմում կամ այլ կարգավիճակ է ստանալու:

– Տեսեք: Սա այնքան հեռավոր ապագայի խնդիր է, որ հիմա շահարկելը, Կիկոսի պատմությունը սարքելը ճիշտ չէ: Ամենակարևորը՝ չե՛նք լինելու Ադրբեջանի կազմում, պահպանելու ենք մեր ինքնիշխանությունը: Այնուհետև կտեսնենք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում