ԱՀԿ-ն նշել է COVID-19-ի մարդուն փոխանցման չորս տարբերակ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական խումբը քննել է չորս հավանական վարկած այն մասին, թե ինչպես կարող է Sars-Cov-2 վիրուսը հասնել մարդուն, Ուհանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀԿ միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկը:
«Մենք առաջ ենք քաշել չորս վարկած այն մասին, թե ինչպես կարող է վիրուսը հասնել մարդուն … Առաջինը՝ կենդանուց մարդուն փոխանցվելն է: Երկրորդ վարկածն այն էր, որ վիրուսը կարող էր փոխանցվել միջանկյալ կենդանուց, որի ներսում վիրուսը կարող էր հարմարվել և շրջանառվել մինչև մարդուն հասնելը: Երրորդ վարկածը սննդային շղթան է, հատկապես սառեցված սնունդը, որի մակերեսը կարող է լինել վիրուսը մարդկանց կամ սննդի միջոցով փոխանցելու աղբյուր: Եվ վերջինը լաբորատորիայի հետ կապված միջադեպի հավանականությունն է »,-ասել է նա։
Էմբարեկը շեշտել է, որ փորձագետները մանրամասն ուսումնասիրել են բոլոր վարկածները: Ամենահավանականը միջանկյալ կրիչի միջոցով վիրուսի փոխանցման վարկածն է: ԱՀԿ մասնագետները մտադիր են հետագայում ուսումնասիրել այն: Մեծ է նաև հավանականությունը, որ վիրուսը կարող է փոխանցվել սառեցված մթերքների մակերեսներով: Սա ենթադրում է հավանականություն, որ վիրուսը տեղափոխվել է հեռվից: Երրորդը, հնարավորության դեպքում, մնում է չղջիկներից վիրուսի ուղղակի փոխանցման վարկածը: Լաբորատոր արտահոսքի պատճառով վիրուսը մարդուն փոխանցելը քիչ հավանական է:
Կարծիքներ