Ադրբեջանից բռնագաղթած և ՀՀ մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք բնակարանի գնման վկայագրեր կստանան
Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի մարզերի ժամանակավոր կացարաններում բնակվող անձինք կստանան բնակարանի գնման վկայագրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Հունիսի 23-ին բնակարանի գնման վկայագրեր (բգվ) կստանան Ադրբեջանից բռնագաղթած և ժամանակավոր կացարաններում բնակվող 35 ընտանիքներ՝ Արարատի մարզում:
Այդպիսով կմեկնարկի Ադրբեջանից փախստականների բնակապահովման ծրագրի վերջին՝ 4-րդ փուլը, որի շրջանակում բգվ-ներ կստանան ՀՀ մարզերի բնակիչները, որոնք 1988-1992 թթ-ին Ադրբեջանի տարբեր շրջաններից բռնի տեղահանվել, տեղափոխվել են Հայաստան և մինչև այժմ բնակվում են ժամանակավոր կացարաններում:
Նախնական ուսումնասիրությունների արդյունքում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ծրագրի մասին ծանուցել է 194 հավակնորդ շահառուների, նրանցից 161-ը ծրագրին մասնակցելու համար դիմում են ներկայացրել:
Միջգերատեսչական հանձնաժողովը պարբերական նիստեր է գումարում՝ քննելու ներկայացված դիմումները և դիմումատուի փաթեթի համապատասխանությունը ծրագրի չափորոշիչներին:
Դրական եզրակացություն ստանալու պարագայում շահառուն ստանում է բնակարանի գնման վկայագիրը՝ մեկ տարի գործողության ժամկետով:
Նախորդ երեք փուլերի արդյունքներով, որոնք անցկացվել են մայրաքաղաքում՝ ըստ վարչական շրջանների, տրամադրվել են 272 բնակարանի գնման վկայագրեր:
Շահառուների ավելի քան 80 տոկոսը իրացրել է ստացած բգվ-ն:
Կարծիքներ