Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար

Մինսկի խումբը պատրաստ է որոնել ընդունելի տարբերակներ հակամարտության կարգավորման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստ են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակներ փնտրել՝ հաշվի առնելով կողմերի կամքը։ Այս մասին այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:

«Միջնորդները կփորձեն գտնել տարբերակ (կարգավորում)՝ համաձայն կողմերի կամքի: Մենք հասկանում ենք իրադարձությունների զարգացման նոր օրակարգը: Բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել տարածաշրջանում կայունության և բարեկեցության հավաքական ստեղծման համար: Ինչ վերաբերում է Մինսկի խմբի աշխատանքին մնացած բոլոր հարցերի շուրջ, ապա դա ամբողջովին կախված կլինի ձեզանից: Դրա համար լավ հիմք կա: Մենք անցումային փուլում ենք, և ապագայի ծրագրերը կարող են մշակվել», – ասել է դիվանագետը:

Վիսկոնտին ընդգծել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ողջունել է Ղարաբաղում հրադադարը, որը «վերջ է դրել սպանդին»:

«Մենք շատ դրական ենք վերաբերվում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ձեռք բերված համաձայնագրի բոլոր դրույթներին»,- նշել է ֆրանսիացի համանախագահը:

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահն այսօր  ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին: Ընդունելությանը ներկա էին նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: ՌԴ դեսպանը նշել է, որ ՌԴ կառավարությունը միշտ կարևորել է Մինսկի խումբի դերակատարությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում