Տեսչական մարմինը Երևանում, Շիրակի և Լոռու մարզերում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ խստացված ռեժիմով լայնամասշտաբ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Շիրակի, Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում և Կենտրոն վարչական շրջան մուտք գործող և դուրս եկող հանրային տրանսպոտի գործունեության նկատմամբ։
Մասնավորապես՝ Գյումրի քաղաքի Հայուհու հրապարակում, Շիրակացի փողոցում, Վանաձոր քաղաքի Բազում թաղամասում և Քիմիական գործարանի հարակից տարածքների վերջնականգառներում, Երևանի Բաղրամյան պողոտայում, Կիևյան և Հալաբյան փողոցներում ՃՈ կողմից տեղակայված հենակետերում և շրջիկ կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են մեկ տասնյակից ավել գերբեռնված ուղևորափոխադրման դեպքեր։ Նշված խախտումների հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
Իրականացված դիտարկման և վերահսկողության ընթացքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմինը նշում է, որ վերահսկողությանը զուգահեռ իրականացվել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։
Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվելու է ողջ օրվա ընթացքում:
Կարծիքներ