Carnegie Europe պարբերականի անդրադարձը Արցախյան պատերազմին
Բրիտանացի վերլուծաբան Թոմաս դե Վաալը Carnegie Europe պարբերականում հոդված է հրապարակել՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանն ու Արցախյան պատերազմին:
«2020-ի նոյեմբերին ստորագրված հրադադարի հայտարարությունը դադարեցրել է Արցախյան պատերազմը, սակայն մշտական խաղաղության համաձայնագրի կնքումը դեռ հեռու է: Տնտեսական աջակցություն ցուցաբերելով և խթանելով կողմերի միջև երկխոսությունն ու համերաշխությունը՝ միջազգային դերակատարները կարող են կարևոր դեր խաղալ»- գրել է վերլուծաբանը:
Դե Վաալի խոսքով՝ պատերազմի ավարտից երեք ամիս անց էլ դեռևս շատ խնդիրներ լուծված չեն: Այն պատճառել է մարդկային ահռելի տառապանքներ՝ խլելով մարդկային կյանքեր:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը վերադարձրեց Արցախի շուրջ յոթ շրջանները, և զավթեց Լեռնային Ղարաբաղի տարածքի շուրջ 1/3-ը, այդ թվում՝ Շուշի քաղաքը՝ 30 հազար հայերի ստիպելով հեռանալ իրենց տներից:
Վերլուծաբանը նշել է, որ նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունն արմատապես փոխել է տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը՝ Մոսկվային տալով կենտրոնական դերակատարում, որը նա ունեցել է խորհրդային ժամանակաշրջանում՝ երեք տասնամյակ առաջ: Դրա արդյունքում 1960 ռուս խաղաղապահ առաքելություն է իրականացնում Արցախում և Լաչինի միջանցքում հինգ տարի ժամկետով և հավանական երկարաձգմամբ:
Մասնագետի խոսքով՝ հիմնահարցում ներգրավված բոլոր դերակատարները 2021-ին պետք է մի շարք վճռական որոշումներ կայացնեն: «Ռազմավարական հաշվարկները հեշտ չեն տրվի, քանի դեռ գերակայում է հուզական ֆոնը: Ռազմագերիները դեռևս չեն ազատվել, չեն վերադարձվել նաև զոհվածների աճյունները: Երկու երկրները շարունակում են այնպես գործել, կարծես դեռևս պատերազմում են: ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության կառույցները կոչ են անում ազատ արձակել ռազմագերիներին՝ մտահոգություն հայտնելով գերիների դեմ բռնություններ իրականացնելու փաստի կապակցությամբ»,- նշել է նա:
«Ղարաբաղում և նրա շուրջ տասնյակ հայկական եղեկեցիներ կան, որոնցից որոշները հիմնվել են հինգերորդ դարում: Դրանցից մի քանիսը՝ օրինակ՝ Դադիվանքը, Գտչավանքը, Ծիծեռնավանքը և Շուշիի մայր տաճարն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Դա հարուցեց միջազգային կառույցների մտահոգությունը՝ մանավանդ հաշվի առնելով Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության ավերման ադրբեջանական փորձը»,- ընդգծել է վերլուծաբանը:
Նա հիշեցրել է, որ չնայած ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստակամություն է հայտնել գնահատման առաքելություն ուղարկել տարածաշրջան, Ադրբեջանը կտրականապես մերժել է այդ նախաձեռնությունը:
Կարծիքներ