Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունն այս պահին կասեցված է. ՇՄՆ պարզաբանումը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել Հատիս լեռան գագաթին Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձանի տեղադրման նախագծի վերաբերյալ:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասված է.
«Հուլիսի 7-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահի կողմից Հիսուս Քրիստոսի մեծ արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն, կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն։
Հայտնում ենք, որ արձանի տեղադրման տեղադիրքի ընտրության վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարություն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կողմից որևէ փաստաթուղթ դեռ չի ստացվել։
Ընդառաջ գնալով մասնագիտական հանրույթի ու հանրային տարբեր շերտերի հնչեցրած մտահոգություններին՝ հիմնադրամի կողմից արձանի շինարարությունն այս պահին կասեցված է, դրանք կմեկնարկեն միայն պատկան մարմինների կողմից շինարարական աշխատանքները սկսելու համար համապատասխան մասնագիտական և փորձաքննական եզրակացություններն ու թույլտվությունները ստանալուց հետո։
Հիշեցնենք, որ Հատիս լեռը ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում՝ համաձայն «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի N 967-Ն որոշման։
Բնության հուշարձանի պահպանությունը կարգավորվում է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին կետով, այն է՝ ՀՀ-ում բնության հուշարձանի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը սպառնում է դրա պահպանությանը, ինչպես նաև այլ ենթաօրենսդրական ակտերով:
Նախագծի վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը մասնագիտական եզարակացություն կտա միայն համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ԿԳՄՍ նախարարությունը հորդորել էր որոշ ժամանակով դադարեցնել ցանկացած գործունեություն հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։
Լրագրողների հետ ճեպազրույցում ԿԳՄՍ նախարար Վահան Դումանյանն էլ ասել էր, որ արձանի հետ կապված հանդիպում չի ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ և շեշտել՝ ընդամենը գաղափար է, որ արձանը տեղադրվի Հատիս լեռան վրա, սակայն ոչ ոք չի ասում, որ «պիտի տեղադրվի»: «Մեզ հայտնի է, որ գաղափարն է այդպիսին, «պիտի տեղադրվին» կլինի այն ժամանակ, երբ որ կլինի սահմանված կարգով հաստատված նախագիծ»: Այս պահին այդ հաստատված նախագիծը չկա»,- նշել էր Դումանյանը:
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վայրի վերաբերյալ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ևս հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Քրիստոսի մոնումենտալ արձանի շինարարությունը մեկնարկելու է պատկան մարմինների դրական եզրակացություններից հետո միայն:
Նշենք, որ շաբաթ օրը՝ հուլիսի 9-ին, Հատիսի գագաթին տրվել էր Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության մեկնարկը։
Կարծիքներ