Էլեկտրոնային առևտրի կարգավորումները համապատասխանեցվում են ժամանակակից մակարդակին

Էլեկտրոնային առևտրի կարգավորումները համապատասխանեցվում են ժամանակակից մակարդակին

Գործող Քաղաքացիական օրենսգիրքը որոշակիորեն կարգավորում է էլեկտրոնային պայմանագրերի վերաբերյալ հարցերը, սակայն կարգավորումները հնացած են: Նոր նախագիծ է ներկայացվել, որի շնորհիվ էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերը և ընդհանրապես էլեկտրոնային առևտրին վերաբերող կարգավորումները բերվում են ամբողջովին նոր, ժամանակակից մակարդակի: Միևնույն ժամանակ նախատեսվող կարգավորումներով քաղաքացին այսուհետ առավել պաշտպանված կլինի պայմանագրային հարաբերություններում: Սպառողին առավել տեսանելի կլինի, թե ինչ հարաբերությունների մեջ է նա մտնում պայմանագիր կնքելիս և ինչ պայմանների է համաձայնվում: Սպառողների իրավունքներն առավել լավ պաշտպանելու համար հստակ երաշխիքներ են նախատեսվում պայմանագրերի կնքման դեպքում՝ նշել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 15-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և ««Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» լրամշակված նախագծերի փաթեթը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ըստ հիմնական զեկուցողի՝ վերը նշված պայմանագիրն ու դրա պայմանները կազմվում են տնտեսվարողի կողմից: Սպառողը կա՛մ միանում է այդ պայմանագրին, կա՛մ հրաժարվում է այն կնքելուց և հնարավորություն չունի բանակցել կամ պայմանները փոփոխել:

«Սույն նախագիծը սահմանում է կարգավորումներ, որոնք կպաշտպանեն սպառողի շահերը»,- ընդգծել է արդարադատության նախարարը:

Ինչ վերաբերում է հավելվածի միջոցով պայմանագիր կնքելիս որևէ պայմանի համաձայնելուն, նախարարը նշել է, որ հավելվածում էջն ուղղակի թերթելու փոխարեն տնտեսվարողը հնարավորություն կունենա հավելյալ կոճակ սեղմելու միջոցով հստակ պատկերացում կազմել, թե ինչ պայմանների է համաձայնում: Ինչպես նաև, եթե հավելվածների միջոցով կնքված պայմանագրերում որևէ պայման փոփոխության է ենթարկվում, քաղաքացին նախապես ողջամիտ ժամկետում ծանուցում է ստանալու:

Նախարարը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջին ընթերցումից հետո ներկայացրել է գրավոր առաջարկներ, ըստ որոնց` կատարվել են որոշ խմբագրական փոփոխություններ:

Հարակից զեկույցում հանձնաժողովի փոխնախագահ Արուսյակ Ջուլհակյանն ընդգծել է, որ մարդիկ այսօր հիմնականում կատարում են առցանց առևտուր, ինչի արդյունքում հավելյալ պաշտպանվածության խնդիր է առաջացել, հավելյալ կարգավորումների կարիք կա: Հարակից զեկուցողը նշել է, որ գործող կարգավորումները հնարավորություն չեն ընձեռում արդյունավետ կերպով պաշտպանել սպառողների իրավունքները, իսկ առաջարկվող կարգավորումները մանրակրկիտ նկարագրում են այն նոր հնարավորությունները, որոնք տրվում են սպառողներին:

Արուսյակ Ջուլհակյանն առաջարկել է հանձնաժողովին կողմ քվեարկել նախագծին: Նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում