Եվրոպոլի գործադիր տնօրենը կաջակցի ՆԳՆ-ում իրականացվող բարեփոխումներին
Հունիսի 27-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից:
Հանդիպմանը մասնակցել են Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։
ՆԳ նախարարության վարչական համալիրում ՆԳ նախարարը և պատվիրակությունների ղեկավարները, ՆԳ նախարարության ղեկավար կազմը, պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել ու ծաղիկներ խոնարհել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը բարձր է գնահատել ՆԳ նախարարության և Եվրոպոլի միջև ձևավորված համագործակցությունը, ինչը ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության առաջնահերթություններից է։
Խոսելով ՆԳ նախարարությունում ընթացող բարեփոխումների մասին՝ Վահե Ղազարյանը կարևորել է այդ գործընթացում միջազգային գործընկերների դերակատարումը:
Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վահե Ղազարյանին շնորհավորել է Ներքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Քեթրին դը Բոլը բարձր է գնահատել արդյունավետ համագործակցությունը՝ կարևորել է անդրազգային հանցավորության դեմ պայքարում համատեղ իրականացվող աշխատանքները։
Ողջունելով ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումները՝ նա այդ գործընթացին աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Խոսել է նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն իր խոսքում անդրադարձել է իրավապահ կառույցների արդյունավետ և շարունակական համագործակցությանը։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։
Կարծիքներ