Իրազեկման հանդիպումներ համայնքների խոշորացման վերաբերյալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետ Մհեր Խեչումյանը, ՏԻ և ՀԾ հարցերի բաժնի պետ Արեն Անանյանը, Տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ Վարդան Աղբալյանը Փամբակ, Սպիտակ և Վանաձոր համայնքներում անցկացրեցին իրազեկման հանդիպումներ՝ համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Ինչպես հայտնի է, Գուգարքի տարածաշրջանի 15 համայնքներ կխոշորացվեն Փամբակ կենտրոնով, Սպիտակի տարածաշրջանի բոլոր համայնքները կխոշորացվեն՝ Սպիտակ կենտրոնով և Վանաձոր խոշորացված համայնքի կազմում կընդգրկվեն Վանաձոր, Դարպաս, Գուգարք և Շահումյան բնակավայրերը:
Հանդիպումներին ներկա էին համայնքապետեր, համայնքապետարանների, ՀՈԱԿ-ների աշխատակիցներ, խոշորացվող համայնքների բնակիչներ և այլն։ Հանդիպման ընթացքում մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց խոշորացման գործընթացի, հետագա քայլերի վերաբերյալ։
Ներկայացվեցին գործընթացի առավելությունները, նախորդ տարիներին իրականացված խոշորացման ծրագրերի դրական արդյունքը: Աշոտ Գիլոյանը նշեց, որ խոշորացման արդյունքում կառավարումն առավել արդյունավետ է դառնում։ Համայնքները կտիրապետեն ավելի շատ ֆինանսական միջոցների, խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան, առավել շատ թվով և խոշոր սուբվենցիոն ծրագրեր իրականացնելու հնարավորություն կստեղծվի, վարչական ապարատում կընդգրկվեն ավելի որակյալ կադրեր և այլն:
Աշոտ Գիլոյանը ներկայացրեց նաև համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրության առանձնահատկությունները և համայնքի ղեկավարի ընտրության կարգը՝ օրինակ բերելով Վանաձոր և Գյումրի համայնքները։
Հանդիպման ընթացքում պարզաբանումներ տրվեցին նաև բնակիչներին և գյուղական համայնքների ղեկավարներին հուզող հարցերին ու մտահոգություններին։
Կարծիքներ