ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը համաշխարհային կազմակերպության ճգնաժամային համակարգող է նշանակել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ամին Ավադին նշանակել է համաշխարհային կազմակերպության ճգնաժամային համակարգող Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մարդասիրական կարիքները Ուկրաինայում ժամ առ ժամ ավելանում են: Քաղաքացիները մահանում են: Առնվազն 100,000 ուկրաինացիներ ստիպված են եղել լքել իրենց տները», - ուրբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո ասել է Գուտերեշը:
«Մեր պատասխանն ամրապնդելու համար այսօր ես հայտարարում եմ Ամին Ավադին Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի ճգնաժամային համակարգող նշանակելու մասին»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ Ավադը կհամակարգի ՄԱԿ-ի գործունեությունը, ներառյալ հումանիտար արձագանքը, շփման գծի երկու կողմերում։
Ինչպես ընդգծվում է գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը, Ավադը տարբեր ժամանակներում զբաղեցրել է մի շարք պաշտոններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակում։ Մասնավորապես, նա եղել է Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ՄԱԿ ՓԳՀ գրասենյակի ղեկավարը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների, անվտանգության և մատակարարման բաժնի տնօրենը։
Կարծիքներ