Դոնալդ Թրամփը որոշել է սահմանափակել Մասկի լայն լիազորությունները

Դոնալդ Թրամփը որոշել է սահմանափակել Մասկի լայն լիազորությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել Նախարարների կաբինետի հետ և հայտարարել, որ կադրային քաղաքականության հարցերում վերջին խոսքը դաշնային գերատեսչությունների ղեկավարներինն է, այլ ոչ թե Իլոն Մասկինը։

CNN-ի փոխանցմամբ՝ Թրամփի հանդիպումը դաշնային գերատեսչությունների ղեկավարների հետ ընթացել է առանց տեսախցիկների և տևել է 90 րոպե։

Թրամփը, մասնավորապես, ասել է, որ թեև լիովին աջակցում է Մասկի ջանքերին՝ կրճատելու դաշնային կառավարության անձնակազմի թիվը և ծախսերը, միլիարդատերը և կառավարության արդյունավետության վարչությունը, որը նա ղեկավարում է, պետք է միայն խորհրդատվական դեր ունենան:

Թրամփը Սպիտակ տան հանդիպումից հետո Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ չի հրաժարվում պետական աշխատողների թվի կրճատման գաղափարից, այլ կարևոր է համարում լավագույն և ամենաարդյունավետ աշխատակիցներին պահելը։

Մասկը, որը նույնպես մասնակցել է հանդիպմանը, հասկացրել է, որ համաձայն է Թրամփի հրամանին։ Ըստ Politico-ի՝ գործարարը նույնիսկ խոստովանել է, որ իր գերատեսչությունը «որոշ սխալներ է թույլ տվել»։

Ինչպես նշում է CNN-ը, այդ հանդիպումը նախագահի կողմից Մասկի լայն լիազորությունները սահմանափակելու առաջին օրինակներից մեկն էր։ Politico-ն էլ եզրակացնում է, որ սա առաջին կարևոր քայլն է Մասկի մանդատը սահմանափակելու հարցում, որը նախկինում նախաձեռնել էր ամերիկյան կառավարության աշխատակիցների լայնածավալ կրճատումներ։

Ըստ BBC-ի, վերջին շաբաթների ընթացքում Թրամփի վարչակազմը աշխատանքից ազատել է տասնյակ հազարավոր դաշնային աշխատողների:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում