Հանդարտ շրջանը պետք է օգտագործվի պատվաստումային գործընթացն առավել ակտիվացնելու համար. Օմիկրոն շտամի տարածվածությունը շատ ավելի վտանգավոր կարող է լինել

Հանդարտ շրջանը պետք է օգտագործվի պատվաստումային գործընթացն առավել ակտիվացնելու համար. Օմիկրոն շտամի տարածվածությունը շատ ավելի վտանգավոր կարող է լինել

Դեկտեմբերի 19-ին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ՀՎԿԱԿ Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը շրջել են Վանաձորի համաբուժարաններում, հետևել պատվաստումային գործընթացին: Նրանք եղել են նաև Վանաձորի ավտոկայանի տարածքում տեղակայաված շարժական կայանի մոտ, ծանոթացել տարվող աշխատանքներին։

Փոխնախարարը և փոխմարզպետը զրուցել են պատվաստումների գործընթացն իրականացնող մասնագետների հետ, անդրադարձել ու կարևորել են առողջության առաջնային պահպանման ծառայությունների հասանելիությունը, բնակչության շրջանում իրազեկման առավել ակտիվ աշխատանքների իրականացումը։ Քննարկման արդյունքում վեր են հանվել նաև գործընթացի հետ կապված առկա խնդիրները:

Նշվել է, որ ներկայում համաճարակային իրավիճակը փոքր-ինչ հանդարտ է, և այս շրջանը անպայմանորեն պետք է օգտագործվի պատվաստումային գործընթացն առավել ակտիվացնելու համար, քանի որ առաջիկայում սպասվող հիվանդության նոր ալիքը՝ Օմիկրոն շտամի տարածվածությունը, շատ ավելի տխուր պատկեր է խոստանում:

Նրանք նշել են, որ պետությունն ամեն ինչ անում է բնակչությանը պաշտպանելու համար: Երկրում առկա է պատվաստանյութերի բավարար քանակ, պետք է միայն բարձր ընդգրկվածություն, քանզի պատվաստումը ծանր ընթացքով հիվանդության և մահացության կանխարգելման գլխավոր միջոցն է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում