Հայտնի է Ճարտար քաղաքի բնակչի սպանությունն իրագործած ադրբեջանցու ինքնությունը. Արցախի դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«Սույն թվականի դեկտեմբերի 03-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինվորականներ ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար համայնքի վարչական տարածք հանդիսացող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են նշված տեղանքում հայտնված՝ անասնապահությամբ զբաղվող նույն համայնքի բնակիչ Սեյրան Սմբատի Սարգսյանին և տեղափոխել ,,Կոհակ,, կոչվող բարձունքի վրա տեղակայված մարտական դիրք, որտեղ ազգային ատելության շարժառիթով հրազենից կրակոց արձակելով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են նրան:
03.12.2021թ. ԱՀ ոստիկանությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ և 14-րդ կետերով (սպանությունը), ինչպես նաև 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մարդուն առևանգելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Քրեական գործը դատախազության կողմից փոխանցvել է ԱՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն իրականացնելու համար:
Դեպքի առնչությամբ Արցախի Հանրապետության և Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված դատախազների հետ փոխգործակցության շրջանակում պարզվել է, որ ԱՀ քաղաքացու սպանությունը կատարել է Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, շարքային Ռահիմզադե Դավիդ Գաբիլ օղլըն: Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում ՌԴ խաղաղապահ զորակազմի դատախազը ներկայացել է դեպքի վայր, լսել ադրբեջանական կողմի վկաներին, սպանություն կատարած անձին, հետազոտել ադրբեջանցիների վկայակոչած ենթադրյալ դեպքի վայրը: Այս պահին խաղաղապահները բանակցում են Սեյրան Սարգսյանի դիակը արցախյան կողմին հանձնելու շուրջ:
Ադրբեջանական կողմը հերթական անգամ աղավաղել է հանցավոր դեպքի հանգամանքները և դիտավորյալ սպանությունը ներկայացրել որպես Արցախի Հանրապետության քաղաքացու կողմից իրենց մարտական դիրքի ուղղությամբ հարձակման կասեցում: Արցախյան կողմը ունի համոզիչ ու անհերքելի բավարար ապացույցներ, այդ թվում ամբողջական տեսագրություն, որը փաստում է ադրբեջանական մի խումբ զինվորականների կողմից Արցախի քաղաքացուն այս պահին որպես չեզոք գոտի դիտարկվող ,,Ղուրուսու,, կոչվող տեղամասից հարկադրաբար և բռնություն գործադրելով առևանգելու, ոտքերից ու ձեռքերից բռնած վիճակում ադրբեջանական հենակետ տեղափոխելու գործողությունները: Տեսանյութը և մյուս ապացույցները առաջիկայում կտրամադրվեն նաև ռուսական կողմին՝ դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ ճշգրիտ ու լիարժեք պատկերացում ձևավորելու համար:
Դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին պաշտոնական տեղեկություն ադրբեջանական կողմը դեռևս չի հրապարակել»:
Կարծիքներ