«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով 4 մեղադրյալները կալանավորվել են
Մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության մեջ մեղադրվող չորս մեղադրյալները կալանքի տակ են հայտնվել 1 ամիս 28 օր ժամկետով՝ մինչև մայիսի 22-ը:
Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանների պաշտոնական ալիքը։
Լսումները տեղի են ունեցել Մոսկվայի Բասմանի դատարանում։ Չորսն էլ դատարանում էին որպես մեղադրյալ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «Ահաբեկչական գործողություն» հոդվածով: Նրանց սպառնում է ցմահ ազատազրկում։
«Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ առաջին մեղադրյալ Դալերժոն Միրզոևը 32 տարեկան է, ունի կին և չորս մանկահասակ երեխա։ Հայտնի է, որ տղամարդը Նովոսիբիրսկում երեք ամսով ժամանակավոր գրանցում է ունեցել, սակայն ժամկետը լրացել է։ Նա ամբողջությամբ ընդունել է իր մեղքը։
Երրորդ մեղադրյալը՝ Շամսիդին Ֆարիդունին, 25 տարեկան է, ունի կին և ութ ամսական երեխա, գրանցված է Կրասնոգորսկում։
Չորրորդ մեղադրյալը՝ Մուհամմադսոբիր Ֆայզովը, 19 տարեկան է, ամուսնացած չէ, երեխաներ չունի, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել։ Տղամարդը հայտարարել է, որ հաշվառված է Իվանովո քաղաքում, որտեղ նախկինում աշխատել է վարսավիրանոցում, մինչև աշխատանքից ազատվելը։ Ամբաստանյալին դատարան են տեղափոխել անվասայլակով՝ բժշկի ուղեկցությամբ։
Բոլոր մեղադրյալները Տաջիկստանի քաղաքացիներ են։ Նիստերն անցել են փակ դռների հետևում։
Կարծիքներ