ԵՊՀ ասպիրանտները հաղթող են ճանաչվել «Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ» ոլորտում. Հաղորդագրություն

ԵՊՀ ասպիրանտները հաղթող են ճանաչվել «Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային աղբյուրներ» ոլորտում. Հաղորդագրություն

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և
կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտներ Մերի Իսկանդարյանը և Լիանա Վանյանն
«Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում արժանացել են
դրամաշնորհի։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի
կողմից՝ «PMI Science»-ի աջակցությամբ, նպատակ ունի աջակցելու երիտասարդ
գիտնականներին՝ տրամադրելով ֆինանսավորում ու օժանդակություն նրանց գիտական
և հետազոտական նախագծերի համար։
2018 թվականից 11 համալսարանի և հետազոտական ինստիտուտի 30 ասպիրանտ արդեն
ներգրավվել է ծրագրում՝ վերջինիս շնորհիվ զգալի առաջընթաց գրանցելով
հետազոտություններում։

Ծրագրին կարող էին դիմել այն ասպիրանտները, որոնց գիտական և հետազոտական
նախագծերը համապատասխանում էին հայտարարված ոլորտներին։ ԵՊՀ ասպիրանտները
մրցանակի են արժանացել «Այլընտրանքային էներգիայի ոչ-էլեկտրոնային
աղբյուրներ» հայտարարված ոլորտում։

Մեզ հետ զրույցում Մերի Իսկանդարյանն ասաց, որ ներկայումս առաջնային են
էներգիայի այլընտրանքային աղբյուրների որոնումը և կենսաէներգիա ստանալու
մեթոդների ու նոր ռազմավարությունների մշակումը. «Ոչ ախտածին «Ralstonia
eutropha»-ի O2-կայուն հիդրոգենազները (Հիդ) գրավիչ թիրախներ են
ֆերմենտային վառելիքի սարքերում (ՖՎՍ, EFC) հնարավոր կիրառման համար: Ակտիվ
Հիդ-երն օգտագործվելու են որպես անոդային կատալիզատորներ՝ նպաստելով
ՖՎՍ-ում հոսանքի արդյունավետ արտադրությանը: Հետազոտություններն այս
ոլորտում նոր են, ունեն հիմնարար, ինչպես նաև բնապահպանական և տնտեսական
առավելություններ, օգտակար են լինելու Հայաստանում ՖՎՍ տեխնոլոգիայի
զարգացման համար»:

Լիանա Վանյանն էլ, որի ընթացիկ գիտական նախագծի նպատակն է բացահայտել
գլյուկոզի ցածր և բարձր խտությունների ազդեցությունը E.coli-ում ջրածնի
արտադրության համար պատասխանատու ֆերմենտների՝ հիդրոգենազների վրա և
պարզաբանել ջրածնի արտադրության օպտիմալ պայմանները՝ տնտեսապես մատչելի,
արդյունավետ տեխնոլոգիաներ զարգացնելու համար, հավելեց. «Ներկայումս
լայնորեն ուսումնասիրվում է լիգնոցելյուլոզային թափոնների հավանական
կիրառությունը ջրածնի ստացման նպատակով, սակայն քիչ հետազոտություններ են
իրականացվում՝ հասկանալու այդ խառնուրդներում առկա շաքարների խտությունը և
դրա ազդեցությունը մանրէների նյութափոխանակության վրա»։

Ասպիրանտները նշեցին, որ նմանատիպ ծրագրերը նպաստում են գիտության
զարգացմանը, երիտասարդացմանը և առավել իրատեսական դարձնում
կիրառելիությունը։

Հավելենք, որ «Ասպիրանտների աջակցության ծրագիր 2021»-ի շրջանակում
ֆինանսավորման է արժանացել 10 ասպիրանտ:



 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում