Դիտավորյալ վրաերթով սպանության փորձ Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է
2021թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 18.30-ին, «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել այն մասին, որ վրաերթի հետևանքով բուժօգնության է դիմել Մասիսի քաղաքի բնակիչը՝ ծնված 1995թ., որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկվել Մասիս քաղաքի Հանրապետության և Դպրոցական փողոցների խաչմերուկում:
Դեպքի վայրի զննությամբ նշված փողոցների խաչմերուկում հայտնաբերվել են արնանման հետքեր:
Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Վոլվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, 25-ամյա երիտասարդին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, նշված խաչմերուկում վրաերթի է ենթարկել վերջինիս, վարել նրա վրայով և հեռացել դեպքի վայրից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նույն օրը Մասիս քաղաքի Սայաթ-Նովա փողոցում հայտնաբերվել է նշված «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ դրա դիմացի աջ հատվածում հայտնաբերվել են քսվածքի հետքեր, իսկ ժամը 22.40-ին ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել Մասիս քաղաքի 20-ամյա բնակիչը և տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Վերջինս ներկայացվել է Մասիսի քննչական բաժին և ձերբակալվել՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ