Արցախում բջջային կապի և համացանցի հասանելիությունը խլացվում է ադրբեջանցիների կողմից. Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահազանգում է, որ Արցախի տարածքում բջջային կապի և համացանցի հասանելիությունը միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից:
Այս մասին նշել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում հեռահաղորդակցության միջոցների, մասնավորապես՝ բջջային կապի ու համացանցի խլացման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ահազանգել էր դեռևս սույն տարվա օգոստոսին։ Նույն հարցով ԱՀ իրավասու մարմինների և ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների հետ քննարկումների արդյունքում հարցը ներկայացվել է նաև Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավարությանը, և վերջիններիս միջամտությամբ խլացումների խնդիրը, կարծես թե, կարգավորվել էր։ 2021 թվականի նոյեմբերի 9-ից սկսած Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաք Ադրբեջանի նախագահի այցից հետո խնդիրը նորից առաջացել է, և արդեն շուրջ մեկ ամիս է հաղորդակցության միջոցներն Արցախում գործում են լուրջ խափանումներով։ Խնդիրն առավել սուր է արտահայտված այն համայնքներում, որոնք 2020 թվականի ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախի տարածքի օկուպացիայի հետևանքով հայտնվել են շփման գծի հարևանությամբ։ Որոշ համայնքների պարագայում կապն ընդհանրապես բացակայում է։ Կասկած չկա, որ բջջային կապի և համացանցի հասանելիությունն Արցախի տարածքում միտումնավոր խլացվում է ադրբեջանցիների կողմից հեռահաղորդակցության ոլորտում ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից օգտագործվող հաճախականությունների և տեխնիկական միջոցների վրա ներազդելու եղանակով»,-ասված է հաղորդագրությունում։
Արցախի ՄԻՊ-ն ընդգծել է, որ Ադրբեջանն օգտագործում է ցանկացած մեթոդ Արցախի բնակչության իրավունքները ոտնահարելու և անհարմարություններ պատճառելու նպատակով: Կոնկրետ այս պարագայում ադրբեջանական կողմի գործողությունները խոչընդոտներ են ստեղծում Արցախի ժողովրդի՝ հեռախոսային կապից և հաղորդակցության այլ ձևերից օգտվելու ազատության և տեղեկացված լինելու իրավունքի համար։
«Պատկան մարմինների և ռուսական խաղաղապահ զորակազմի ուշադրությունը կրկին հրավիրում եմ այս խնդրին, որը կարևոր է ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այլ հստակ կրում է հումանիտար բնույթ»,-գրել է Արցախի ՄԻՊ-ը:
Կարծիքներ