Պուտինը կրկին հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն Ուկրաինայի հետ բանակցություններին

Պուտինը կրկին հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն Ուկրաինայի հետ բանակցություններին

Ռուսաստանը պատրաստ է մնում Ուկրաինայի հետ բանակցություններին, հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանը ոչ միայն պատրաստ է բանակցություններին, այլև հայտնի փուլում՝ այս հակամարտության հենց սկզբում, վարել է այդ բանակցությունները։ Եվ նույնիսկ մշակվել է փոխընդունելի պայմանագիր, որը նախաստորագրվել է ուկրաինական կողմի հետ», - ասել է Պուտինը։

«Սակայն ուկրաինական կողմը դրսի խորհրդով, իսկ այդ մասին  հայտարարել են ուկրաինացի պաշտոնատար անձինք, մերժել է այդ պայմանագիրը», - հիշեցրել է Ռուսաստանի նախագահը։Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը կայացել է 2022 թ. մարտի 29-ին Ստամբուլում, բանակցությունները տևել են մոտ երեք ժամ։ Ապագա համաձայնագրի սկզբունքները ներառել են պարտավորություններ Ուկրաինայի չեզոք, արտադաշինքային կարգավիճակի և իր տարածքում օտարերկրյա զենքի, այդ թվում՝ միջուկային զենքի տեղակայումից նրա հրաժարման վերաբերյալ։

ՏԱՍՍ-ը նշում է, որ Կիևի և Չեռնիգովի ուղղություններում ռուսական զորքերը հետ են քաշվել, սակայն դրանից հետո կարգավորման շուրջ բանակցություններն ամբողջությամբ սառեցվել են։

Ինչպես նշել է ՌԴ նախագահը, Կիևը հրաժարվել է համաձայնություններից։ Դա, ըստ ուկրաինական կողմի հայտարարությունների, տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի խորհրդով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում