Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորները հրավիրվել են հանդիպման. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը երկուշաբթի օրը Վճռաբեկ դատարանի բոլոր դատավորներին հրավիրել է հանդիպման, և քննարկելու են ընդհանուր հարցեր, այդ թվում՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը:
Մեր տեղեկություններով՝ շատ դատավորներ արդեն իսկ ասել են, որ չեն գնալու, իսկ մյուսներն էլ ասել են, որ կգնան զուտ հետաքրքրության համար՝ հասկանալու, թե ինչ է սպասվում: Անկախ նրանից՝ ովքեր կգնան, ովքեր՝ ոչ, նախատեսված ժամկետն ավարտվում է, և Բարձրագույն դատական խորհուրդը պետք է ներկայացնի Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու:
Նկատենք, որ գործընթացը պետք է մեկնարկեր դեռ նախորդ շաբաթ, սակայն հետաձգվել էր, և դատավորներն ասել էին, թե այս պատերազմական իրավիճակում սիրտ չունեն այդպիսի հարցեր քննարկելու:
Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի հոդված 135-ի համաձայն՝ Դատական դեպարտամենտը պետք է կազմի և Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացնի Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ