Հանցավոր 12 ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

Հանցավոր 12 ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործընթացը:  

«Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա և գործընթացի հետ կապված՝ 8 առերևույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում, ահազանգ»,-  հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր:  

Ստացված հաղորդումներից և ահազանգերից 1-ը վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայնքներում առերևույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն, 1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցկացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտրատեղամասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված՝ ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին, 1-ը՝ այլ բնույթի:

Վերացական և ընդհանրական բնույթի ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում, դրանցից 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, կամ նշվածները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են:

Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում