Նախկին ռևանշիստները չեն կարող ջախջախել հեղափոխական օրակարգը. Արթուր Սաքունցը՝ դատաիրավական համակարգի մասին

 Նախկին ռևանշիստները չեն կարող ջախջախել հեղափոխական օրակարգը.  Արթուր Սաքունցը՝  դատաիրավական համակարգի մասին

Վերաքննիչ դատարանի որոշմամբ Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, նա 2 մլրդ դրամ գրավի դիմաց կալանքից ազատ արձակվեց: Կալանքի միջնորդությունը մերժվեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով: Դատարանի այս որոշումները նոր թափ հաղորդեցին դատական համակարգի դեմ ուղղված քննադատությունների ալիքին: Թեմայի վերաբերյալ Freenews.am-ը զրուցել է իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ:

«Դատաիրավական համակարգը չի բարեփոխվում, և սա, ինչպես Քոչարյանի և Ծառուկյանի գործերում, այնպես էլ այլ քաղաքական գործիչների, կոռուպցիոներների, թալանչիների գործերում ձախողումների պատճառ կդառնա»,-ասում է իրավապաշտպանն ու հավելում, որ դատարանն անուշադրության է մատնում մի կարևոր հարց՝ արդյոք Քոչարյանն ու Ծառուկյանը ազատության մեջ գտնվելու դեպքում չեն խոչընդոտի գործի քննությանը, չեն ազդի գործով անցնող վկաների վրա. Չէ՞ որ խոսքը մարդկանց մասին է, որոնք ունեն լուրջ ազդեցության լծակներ:

Հարցին, երբ Քոչարյանը դեռ կալանավորված էր, այդ ընթացքում նա ազդեցություն չէր կարող ունենալ գործի ընթացքի վրա, Սաքունցը պատասխանում է. «Մի բան է միջնորդավորված ազդեցությունը, մեկ այլ բան, որ ինքդ ես գործը վերցնում ձեռքդ: Սա սովորական քրեական գործ չէ, այս գործը անմիջապես վերաբերում է պետական համակարգին. չէ՞ որ պետական կառույցներ են ներգրավված եղել , պաշտոնատար անձինք են ներգրավված եղել, մարդիկ, որոնք ունեն կադրեր պետական ապարատում: Դատարանը պետք է հաշվի առնի դատաքննության վրա ազդող բոլոր հանգամանքները: Ռոբերտ Քոչարյանի նշանակած կադրերը շարունակել են գործել իրենից հետո դեռ երկար տարիներ և դեռ գործում են»: 

Իրավապաշտպանի պնդմամբ Վերաքննիչ դատարանն իր կազմով և իր մոտեցումներով շատ խիստ որոշակի վարքագիծ է դրսևորում և դժվար է գնահատել՝ արդյո՞ք այսօր դատավորներն անաչառությամբ են մոտենում մեղադրական ու պաշտպանական կողմերի փաստարկներին:

«Դատարանն ինքն իր այսօրվա կարգավիճակով անվստահություն ունի հանրության շրջանում, իշխանությունը փոխվել է, բայց հարց է առաջանում՝ դատարանի՝ կախման մեջ լինելու գործոնները դադարե՞լ են գոյություն ունենալ, ես կարծում եմ՝ ոչ: Իհարկե, դատավորների մի մասը կփորձեն հարմարվել նոր քաղաքական վիճակին, բայց մի մասն էլ կշարունակի մնալ կախվածության այն տրամաբանության մեջ, որի շնորհիվ տարիներ շարունակ հաստատվել է ու շահեր հետապնդել: Ուզու՞մ են արդարադատություն հաստատել չունենալով արդարադատության վստահելի մարմին»,-ասում է իրավապաշտպանը:

Սաքունցը պնդում է՝ կոռուպցիային վերջ տալու համար կենսական անհրաժեշտություն է դատաիրավական համակարգի համալիր փոփոխությունը, քանի որ այս համակարգի խնդիրները խոր ու արմատական են: Եվ այդ խնդիրների մասին խոսել ու բարձրաձայնել են հենց իրենք՝ իշխանությունները:

«Հանգիստ ռեժիմով փոփոխություններ անելու տրամաբանության մեջ մնացին իշխանությունները՝ չգիտակցելով, որ այն ինչ մերժվեց քաղաքական մակարդակում, պետք է մերժվեր նաև ինստիտուցիոնալ մակարդակում: Այնինչ իշխանությունն այս հարցում դանդաղում է»,-ասում է Սաքունցն ու հավելում, որ այդ դանդաղելու ընթացքում հեռացվածները բոլոր առիթներն օգտագործում են հեղափոխական օրակարգը ջլատելու և իշխանությանը թուլացնելու համար:

«Հիմա լավ առիթ են գտել՝ կորոնավիրուսը: Համաճարակը, իրենց կարծիքով, նպաստավոր պայմաններ է ստեղծել գործելու համար, սակայն իրենց հաշվարկներում նրանք կրկին սխալվել են: Հեղափոխական օրակարգը մեր հասարակության օրակարգն է, և իշխանությունը գործում է այդ օրակարգն իրականացնողի տրամաբանության մեջ: Նախկին ռևանշիստները չեն, որ օրակարգը կարող են ջախջախել կամ փորձեն հանդես գալ որպես օրակարգի իրականացնողներ, ինչպես փորձում է դիրքավորվել ու հանդես գալ Վանեցյանի նման կերպարը: Կամ Հանրապետական կուսակցության անդամներն են սկսել խոսել հեղափոխական ռեսուրսները մսխելու մասին, բոլորն սկսել են տեր կանգնել հեղափոխական օրակարգին՝ դրանով արենա դուրս գալու համար»,-եզրափակում է իրավապաշտպանը՝ նշելով, որ իշխանությունը պետք է վերաիմաստավորի եղածն և վերադառնա համակարգային փոփոխությունների դաշտ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում