ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն

ՆԳՆ փրկարար ծառայությունում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն

Հուլիսի 29-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են ՆԳՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները։

Հանդիպման օրակարգում են եղել Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերը:

Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը կարևորել է նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը, անդրադարձ կատարելով Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պաշտպանության դերին և նշանակությանը, ոլորտային խնդիրներին։ Իր խոսքում տնօրենը նշել է, քանի որ քաղաքացիական պաշտպանությունը հանդիսանում է պետական պաշտպանության և ազգային անվտանգության համակարգի բաղկացուցիչ մաս, ուստի վերոնշյալ բնագավառում ոչ միայն պետական, այլև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքները՝ հատկապես քաղաքացիական պաշտպանության ոլորտի խնդիրների արդյունավետ լուծման գործում հույժ կարևոր են։

Կամո Ցուցուլյանը հավելել է, որ հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի և Փրկարար ծառայության որոշ գործառույթների ընդհանրությունները, անհրաժեշտ է Երևան քաղաքում առավել արդյունավետ կազմակերպել մարդկանց կյանքի և առողջության, պետական և մասնավոր սեփականության նյութական և մշակութային արժեքների պահպանությանն ու պաշտպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը՝ ինչպես խաղաղ ժամանակ, այնպես էլ պատերազմական իրավիճակներում։

Ցուցուլյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքը կլինի բեղմնավոր և կտա իր ցանկալի արդյունքները՝ խթանելով արտակարգ իրավիճակներում պատշաճ և կազմակերպված գործելու կարողությունները։

ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության պետ Տիգրան Պողոսյանը ներկայացրել է օրակարգային հարցերը՝ մատնանշելով ոլորտում առկա խնդիրները և առաջիկա անելիքները։ Անդձրադարձ է կատարվել Երևան քաղաքում բնակչության պատսպարման ընդհանուր վիճակի, բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերի բարեկարգման, պաշտպանական կառույցների վերազինման, բնակչության ազդարարման և իրազեկման աշխատանքների կազմակերպման, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների իրականացման և օրակարգային այլ հարցերին։

Քննարկումների ընթացքում առաջարկություններով հանդես են եկել Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, վարչական շրջանների ղեկավարները։

 

ՆԳՆ ՓԾ տնօրենը ոլորտային պատասխանատուներին հանձնարարել է առաջիկայում ակտիվացնել աշխատանքները, մասնավորապես՝ այցելություններ իրականացնել վարչական շրջաններ, կազմել աշխատանքային խմբեր և տեղում առարկայական լուծումներ գտնել առկա խնդիրներին՝ աշխատանքային խմբերում ընդգրկելով նաև համատիրությունների և այլ շահագրգիռ մարմինների պատասխանատուներին։

Հանդիպման ավարտին Ցուցուլյանն իր պատրաստակամությունն է հայտնել, նախարարության որդեգրած քաղաքականությանը համապատասխան, շարունակել սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մակարդակում՝ համատեղ իրականացնելով բոլոր անհրաժեշտ և կանխարգելիչ գործողությունները՝ քաղաքացիների անվտանգության ապահովման, պատշաճ հսկողության իրականացման, բնակչության պատրաստվածության բարձրացման և հանրային իրազեկման առումով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում