Ավելի քան 30 անօրինական ներգաղթյալ Սիրիայից մուտք է գործել Կիպրոսի հունական հատված
Կիպրոսի Հանրապետության իրավապահները երկուշաբթի կղզու ներքին սահմանի մոտ հայտնաբերել են Սիրիայից 31 անօրինական միգրանտի։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Կիպրոսի ոստիկանության հայտարարության մեջ։
Տարածքը պարեկող ոստիկանների ջոկատը հայտնաբերել է 20 միգրանտների, որոնք քայլում էին Նիկոսիա-Լառնակա արագընթաց մայրուղու երկայնքով Աֆիենու գյուղից հարավ, որը գտնվում է կղզու չեզոք գոտում, հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները։
Եվ ևս 11 անօրինական ներգաղթյալ, որոնց հաջողվել է բուֆերային գոտիով ներթափանցել կղզու հունական հարավ, Լիմբիա գյուղի մոտ, որի տարածքով անցնում է ոստիկանության նշած մայրուղին, գրավել են պահակախմբի ուշադրությունը։ «Նրանք բոլորը սիրիացի տղամարդիկ են»,- հայտնել են ոստիկանությունից։
Կիպրոսի իշխանությունների կողմից կալանավորվելուց հետո անօրինական միգրանտներն ուղարկվել են Նիկոսիայից արևմուտք գտնվող Կոկկինոտրիմիթիա գյուղի մոտ գտնվող Պուրնարա ժամանակավոր կալանավայր։ Սեպտեմբերի վերջին Կիպրոսի ներքին գործերի նախարար Նիկոս Նուրիսը ներքին գործերի եվրոպական հանձնակատար Իլվա Յոհանսոնի հետ այցելել է այս կենտրոն։ Այնուհետեւ կղզի պետության ՆԳՆ ղեկավարն ասել է, որ թուրքական իշխանությունները, իր կարծիքով, խրախուսում են անօրինական միգրանտներին մտնել իր երկրի տարածք Անկարայի կողմից օկուպացված Կիպրոսի հյուսիսային հատվածով։
Դեկտեմբերի 2-ին մեկնարկելիք Կիպրոս և Հունաստան իր առաջիկա այցին ընդառաջ՝ Ֆրանցիսկոս պապը կոչ է արել այս երկու երկրների ժողովուրդներին՝ ողորմություն ցուցաբերել փախստականներին։
Կարծիքներ