ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները՝ հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացման

ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները՝ հանուն Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին լարվածության թուլացման

ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունները և դադարեցնել Կիևին զենքի մատակարարումները՝ Ուկրաինայի մերձակայքում Ռուսաստանին վերագրվող անսովոր ռազմական գործողությունների պատճառով լարվածությունը թուլացնելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ուրբաթ հայտնել է The Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները։

Ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդը նշել էր, որ Վաշինգտոնը շատ լուրջ է վերաբերվում Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին զինվորականների արտասովոր տեղաշարժերին։ Նրա խոսքով՝ նոյեմբերի 30-ին Ռիգայում կայանալիք ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ամերիկյան կողմը մտադիր է քննարկել լարվածությունը նվազեցնելու հնարավոր համատեղ քայլերը։ Դոնֆրիդը նշել է, որ դրա համար «գործիքների տուփ կա՝ լայն հնարավորություններով»։

Մի կողմից, ըստ The Wall Street Journal-ի աղբյուրների, ԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայի պաշտպանունակությունն ուժեղացնելու հնարավորությունը՝ ավելացնելով հակաօդային պաշտպանության և այլ ռազմական օգնության մատակարարումը, ինչպես նաև ընդլայնելով հակառուսական պատժամիջոցները: Մյուս հավանական սցենարն այն է, որ ԱՄՆ-ն ավելի համառ դիրքորոշում կդրսևորի մինսկյան պայմանավորվածությունների պահպանման հարցում։

Միաժամանակ հնարավոր է, որ Վաշինգտոնը բռնի Մոսկվայի հետ առճակատման վտանգը նվազեցնելու ճանապարհը, նշում է թերթը։ Այդ նպատակով ԱՄՆ-ը կարող է սահմանափակել Եվրոպայում զորավարժությունների անցկացումը, ինչպես նաև դադարեցնել Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումը։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում