Ընդունվում են հայտեր բրիտանական կառավարության 2021-2022թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

Ընդունվում են հայտեր բրիտանական կառավարության 2021-2022թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

 Սեպտեմբերի 11-ին ՀՀ-ում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար, դեսպան Հելեն Ֆեյզին հրաժեշտի ընդունելություն է կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2020-2021թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում: Դեսպանը հավաստագրեր է հանձնել այդ երեք հաջողակ կրթաթոշակառուներին և հաջողություններ մաղթել գալիք ուսումնական տարվա համար։

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության և գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն  առաջնորդության հմտություններ ունեցող անհատներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մեկամյա մագիստրոսական կրթություն ստանալու համար։ Կրթաթոշակը նաև հնարավորություն է ընձեռում ունենալ բացառիկ ակադեմիական, մասնագիտական և մշակութային բազմազան փորձառություն։

Երևանում բրիտանական դեսպանատունն ուրախ է հայտարարել, որ այժմ ընդունվում են հայտեր 2021-2022թթ․ ուստարվա «Չիվնինգ» կրթաթոշակների համար։ Եթե հանձնառու եք ստեղծել դրական փոփոխություններ, ունեք դրա համար անհրաժեշտ հմտություններ և կարող եք ցույց տալ, թե ինչպես կարող է Միացյալ Թագավորությունում ստացած մագիստրոսական կրթությունն օգնել ձեզ հասնել դրան, մինչև 2020թ. նոյեմբերի 3-ը կայքի միջոցով դիմեք «Չիվնինգ» կրթաթոշակի համար:

36 տարվա ընթացքում «Չիվնինգի» շնորհիվ աշխարհում շուրջ 50000 մասնագետներ են հնարավորություն ստացել ուսումնառելու Միացյալ Թագավորությունում։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 170 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի անդամներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

«Չիվնինգի» մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք այստեղ կամ Բրիտանական դեսպանատան էջեր ֆեյսբուքում (@BritishEmbassyYerevan) և թվիթերում (@UKinArmenia)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում