Լուվրը 80 000 եվրոյով վաճառել է «Մոնա Լիզա» կտավի ամենամյա ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը
Դեկտեմբերի 1-15-ը տեղի ունեցած «առցանց-աճուրդի» շրջանակներում, որում ներկայացված են եղել փարիզյան Լուվր թանգարանի ցուցանմուշներն ու ծառայությունները, 2 365 000 եվրո շահույթ է ստացվել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, առցանց միջոցառումը կազմակերպվել է Christie's և Drouot աճուրդի տների կողմից: Երկու շաբաթվա ընթացքում վաճառվել են նկարիչների կողմից Լուվրին նվիրաբերված արվեստի գործեր, որոնք գնորդների են գրավել 24 տարբեր երկրներից: Բոլոր իրերն ու ծառայություններն աճուրդի հաղթողները կկարողանան ստանալ առաջիկա երկու տարվա ընթացքում:
«Եզակի տպավորություններ» շարքից, որն առաջարկում է թանգարանի ղեկավարությունը, ամենաթանկարժեքը դարձել է «Մոնա Լիզա» կտավի ամենամյա ստուգմանը ներկա գտնվելու հնարավորությունը: Այդ արարողության ժամանակ կտավը դուրս են բերում ցուցափեղկից: Այս հնարավորության համար գնորդը վճարել է 80 000 եվրո:
Թանգարանի տանիքով զբոսանքը՝ JR սկզբնատառերով հայտնի ավանգարդ նկարչի ուղեկցությամբ, վաճառվել է 42 000 եվրոյով: Նույնքան գումար է ստացվել թագավորական ընդունելությունների նախկին սրահում կայանալիք համերգի տոմսի դիմաց:
Աճուրդի ժամանակ ստացված միջոցները կուղղվեն թանգարանում նոր տարածքի ստեղծմանը՝ նախատեսված գեղագիտական և մշակութային ուսուցման համար:
Կարծիքներ