Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքը գրեթե ամբողջությամբ կգազիֆիկացվի
Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Ակնաշեն համայնք՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրով Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցներում իրականացված գազիֆիկացման աշխատանքներին:
Մարզպետին ներկայացնելով ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները` համայնքապետ Միսակ Միասկյանը նշել է, որ վերը նշված փողոցներում տեղադրվել են հենասյուներ, և անցկացվել է 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եղել է 39.42%` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:
Համայնքապետը համոզմունք է հայտնել, որ գազիֆիկացման ծրագիրը կբարելավի բնակիչների բնակկոմունալ պայմանները, կավելանան նորակառույց բնակարանները, իսկ համայնքը գրեթե ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:
Սուբվենցիոն ծրագրի շուրջ քննարկումն ավարտելուց հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանը և համայնքապետ Միսակ Միասկյանն անդրադարձել են նաև ներհամայնքային այլ հարցերի լուծմանն ուղղված քայլերի հաջորդականությանը` դրանց իրականացման գործում երկուստեք կարևորելով սեփական եկամուտների պատշաճ հավաքագրման ապահովումը:
Կարծիքներ