Ինտերնետ շահումով խաղերի, տոտալիզատորների գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Հայաստանում շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան, խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը կարգելի՝ բացառությամբ սահմանափակ թվով վայրերում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ ստանալով 63 կողմ, 24 ձեռնպահ ձայներ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը հիշեցրել էր, որ ինտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակումները վերադառնում են մինչև 2020 թվականը եղած սահմանափակումներին: Այսինքն` դրանց գովազդը թույլատրվելու է միայն 4 վայրում՝ սահմանային անցակետերում, 4 և ավելի բարձր աստղ ունեցող հյուրանոցներում, նրանց գրասենյակների մուտքերին և ներսում, ինչպես նաև տվյալ ընկերությունների կայքէջերում:
Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարված լրացման արդյունքում սահմանափակումը տարածվել է նաև թղթային վիճակախաղերի վրա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն էլ հիշեցրել էր, որ սա խաղամոլության դեմ պայքարի իրենց խոստման քայլերից մեկն է: Լինելու են սրան հաջորդող այլ քայլեր:
Կարծիքներ