Թարմացվում է Երևանի քաղաքապետարանի կայէջը. կմշակվի նաև բջջային հավելված, գովազդի ներդրման առցանց համակարգ
Մեկնարկել են Երեւանի արդյունավետ կառավարմանը նպաստող թվային համակարգային բարեփոխումները:
Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ ամեն օր տասնյակ քաղաքացիներ, տնտեսվարողներ ու կազմակերպություններ են այս կամ այն հարցով դիմում Երևանի քաղաքապետարան, վարչական շրջաններ կամ էլ համայնքային կառույցներ:
Ինչպե˚ս մատուցվող ծառայությունները դարձնել ավելի մատչելի:
«Ոլորտի բարելավումը քաղաքային իշխանությունը տեսնում է ծառայությունների ամբողջական թվայնացմամբ: Որպեսզի քաղաքացու թղթային ոչ մի նամակ կամ դիմում չկորչի ու սահմանված ժամկետում պատասխան ստանա, ապրիլի 1-ից քաղաքապետարանը գործարկեց փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգը:
«Կարծում եմ՝ սա լուրջ ֆունդամենտալ փոփոխություն է, որը կնպաստի արդյունավետության բարձրացմանն ու կբարելավի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը: Մենք պետք է շարունակենք թվայնացման գործընթացը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում»,- դեռ ապրիլին կայացած աշխատանքային խորհրդակցությանը նշել է քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Այսօր քաղաքը միանգամից մի քանի թվային նախագիծ է պատրաստում: Ամբոջությամբ թարմացվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական Yerevan.am կայքէջը:
«Քաղաքապետարանի կայքը մշակվել և ներդրվել է 2012թ., արդեն 10 տարի ծառայում է քաղաքացիներն, բայց քանի որ տեխնոլոգիաները փոխվել են, այն պահանջներին այլևս չի բավարարում»,-նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:
Իսկ ամեն ինչ սկսում է ձևավորումից՝ արտադեմի մշակումից: Բրենդավորումը կատարվել է զինանշանին համապատասխան՝ օգտագործելով մուգ կապույտն ու թիրախային կետերում նաև նարնջագույնը: Վիզուալ ու բովանդակային առումով կայքը կլինի հարմարվետ: Մշակվել է նաև բջջային տարբերակը:
«Կայք մտնելիս վերադասավորվել է ամբողջ բովանդակությունը, որից օգտվելը կլինի ավելի հարմար: Առանձնացված ու հստակ կլինեն դիմումների ընդունման և հետևելու մեխանիզմները, քաղաքացիները հեշտությամբ կօգտվեն վճարումներից և հարցումներից: Առանձին ներկայացված կլինեն նաև էլեկտրոնային թույլտվությունները: Վերևում առանձնացված է տեղեկատու բաժինը, ծառայությունները, մեր քաղաքը և կապը: Օրինակ՝ հայտարարությունները տեսնելու համար ընդամենը մի կոճակ է սեղմվում, դրանք բաժանված են դասակարգերի և երկրորդ սեղմումով բացվում է բովանդակությունը, նաև պահոց կա»,-ասում է Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի ծրագրերի ավագ ղեկավար Սոնա Մանուկյանը:
Քաղաքացիներին կայքը հասանելի կլինի մինչև տարեվերջ: Շահագործման կհանձնվի նաև արտաքին գովազդի կառավարման համակարգը: Այն հնարավորություն կտա տնտեսվարողներին և գովազդային կազմակերպություններին դիմումից մինչև գովազդի թույլտվություն ամբողջ գործընթացն անցնել համակարգչի կամ հեռախոսի միջոցով: Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է լինելու գրանցվել՝ նշելով էլեկտրոնային հասցեն ու հեռախոսահամարը:
«Այսօր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը ներկայացվում է վարչական շրջան՝ թղթային եղանակով: Մինչդեռ մենք նպատակ ունենք դա դարձնել բացառապես թվային: Ծրագիրը 2 բաղադրիչ է ունենալու՝ դիմումների ընդունում, ինչպես նաև մեզ համար կծառայի որպես վերահսկման գորիծիք: Որակական նոր փոփոխություն կարող է լինել միայն ամբողջական թվայնացումից հետո, որ, օրինակ, դիմում տալը կամ վճարում կատարելը կախված չլինի վարչական շրջան կամ քաղաքապետարան այցելելուց: Ոլորտի պարզեցումը, ավելի թափանցիկ դարձնելն ի վերջո բերելու է ավելի մեծ հավաքագրումների, իսկ համայնքի բյուջեն ավելի թափանցիկ է լինելու»,- նշում է քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
«Երևանի քաղաքապետարանում 2013թ․-ից ներքին համակարգ էր գործում արտաքին գովազդի ձևավորման ոլորտի կարգավորման համար: Հիմա ընդլայնում ենք համակարգի հնարավորությունները, որպեսզի բնակիչները նույնպես կարողանան օգտվեն ծառայություններից: Կունենանք հնարավորություն, որ քաղաքացին քարտեզի վրա երևա, թե որտեղ ինչ գովազդ է տեղադրված և արդյոք այն ունի թույլտվություն: Բացի այդ, յուրաքանչյուր վարչական շրջան ունի գովազդների տեղադրման համար իր սակագինը, ծրագիրը թույլ է տալիս մեքենայորեն հաշվարկել ամսական վճարը»,- մանրամասնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի համակարգերի նախագծման, ներդրման և սպասարկման բաժնի պետ Իզաբելլա Նիկողոսյանը:
Կրթության ոլորտի թվայնացման 2 հաջողված օրինակներից՝ մանկապարտեզների և երաժշտական դպրոցների կառվարման համակարգերից հետո հերթը հասավ մարզադպրոցներին: Հարթակում ներառված է համայնքային ենթակայության 37 մարզական կազմակերպություն: Մարզադպրոցների կառավարման համակարգում ներկայացված կլինեն մարզադպրոցները, մարզիչները, մարզիկներն ու նրանց նվաճումները:
«Համակարգի գործարկումն ու ներդրումը նախատեսված է տարեսկզբին: Այն թույլ կտա քաղաքացիներին պաշտոնական կայքում ընտրել մարզադպրոցը, մարզաձևը և մարզադպրոց հաճախելու առցանց հայտ ներկայացնել»,-ասում է Սոնա Մանուկյանը:
Երևանի քաղաքապետարանը, վարչական շրջաններն ու համայնքային ենթակայության ավելի քան 500 կառույց ամեն օր շփվում են բնակիչների հետ, մատուցում տարբեր ծառայություններ: Այստեղ կարևոր է կադրային քաղաքականությունը:
«Այժմ քաղաքապետարանն իրականացնում է մի հետաքրքիր նախագիծ, որը կարող ենք ասել՝ մեկ քայլ առաջ, որը կկոչենք թվայնացում, և ստեղծել ենք մի հարթակ, որը գործել է 2016թ, այժմ այն ամբողջությամբ արդիականացնում են մարտահրավերներին համահունչ դարձնելով: Մարդկային ռեսուրսների թվային հարթակում զետեղված կլինեն մադկանց տվյալներն էլեկտրոնային եղանակով, այլև կլինի աշխատանքային հարթակ՝ մարդկային ռեսուրսների կառավարման վարչության համար: Կունենանք գնահատման հետաքրքիր մեխանիզմներ, որոնք թույլ կտան խրախուսման միջոցներ իրականացնել: Աշխատանքի բարձր ցուցիչները հնարավորություն կտան քաղաքացիներին մատուցվող ծառայությունները դարձնել ավելի արդյունավետ»,-ասում է Երևանի քաղաքապետի խորհրդական Մերի Մարգարյանը:
«Մշակվում են նաև բազմաթիվ ներքին համակարգեր ու ներդրվում, որոնք քաղաքացիների համար տեսանելի չեն, բայց ծառայությունների ավտոմատացման առումով շատ կարևոր են: Իրականացնում ենք ներքին կառավարման համակարգ, որը վերաբերում է քաղաքացիների պարտավորությունների հաշվառմանը, դրանց ծանուցումների, հետագա պարտավորությունների գանձման առումով բավական կարևոր համակարգ է՝ քաղաքապետարանի ներսում գործունեությունն ավելի արդյունավետ կազմակերպելու համար»,- ասում է Սարգիս Մանուկյանը:
Երևանն այսօր առաջնորդվում է «Խելացի քաղաք» հայեցակարգով՝ ըստ առաջնահերթության փուլային անցնելով թվային կառավարման և կիրառելով 5-րդ սերնդի տեխնոլոգիաները: Քաղաքի վիրտուալ պատուհանը դեպի նոր էլեկտրոնային քաղաք շուտով ամբողջությամբ պատրաստ կլինի:
Կարծիքներ