ԱՄՆ-ից Հայաստան են տեղափոխվել ՀՀ Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հետախուզվողներ
Ապրիլի 22-ին ԱՄՆ իրավապահների ուղեկցությամբ ԱՄՆ-ից Հայաստան տեղափոխվեցին Հայաստանի երկու քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:
Նրանցից մեկը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և շահադիտական դրդումներով անձին ապօրինի ազատությունից զրկելու, ինքնիրավչության և մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգման մեղադրանքով, իսկ մյուսը՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու մեղադրանքով։
Հետախուզվողները ԱՄՆ-ում հայտնաբերվել և ձերբակալվել էին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, Հայաստանում ԱՄՆ դեսպանության անվտանգության ծառայության աշխատակիցների, ինչպես և Հայաստանի ոստիկանության տարածքային մի շարք ստորաբաժանումների ծառայողների արդյունավետ համագործակցության արդյունքում։ «Զվարթնոց» օդանավակայանից նրանք բերման են ենթարկվել ոստիկանություն, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկներ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ