Ճապոնիան Հարավային Կորեան կվերադարձնի հուսալի առևտրային գործընկերների «սպիտակ ցուցակ»
Ճապոնիան հայտարարել է Հարավային Կորեան վստահելի առևտրային գործընկերների իր «սպիտակ ցուցակում» վերականգնելու որոշման մասին: Սեուլն այդ ցուցակից հեռացվել էր 4 տարի առաջ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը:
Ճապոնիայի առևտրի նախարարությունը որոշել է Հարավային Կորեային վերադարձնել առևտրային գործընկերների «սպիտակ ցուցակում» գտնվող երկրի կարգավիճակը՝ այդպիսով արտահանման արտոնյալ ռեժիմ տրամադրելով Սեուլին։
Պաշտոնատար անձանց խոսքով՝ համապատասխան ներքին ընթացակարգերից հետո սպասվում է, որ միջոցառումն ուժի մեջ կմտնի մոտավորապես հուլիսի կեսերին:
2019 թ.-ի հուլիսին Ճապոնիան որոշում ընդունեց դժվարացնել ֆտորի պոլիիմիդի, ռեզիստի և ֆտորաջրածնի` Հարավային Կորեա արտահանման ընթացակարգերը։ Ավելի ուշ Ճապոնիայի նախարարների կաբինետը որոշեց Հարավային Կորեան բացառել այն երկրների ցանկից, որոնք արտահանման հսկողության պարզեցված ընթացակարգերի իրավունք ունեն։
Դա, ամենայն հավանականությամբ, պայմանավորված էր նրանով, որ 2018 թ.-ին Հարավային Կորեայի Գերագույն դատարանը որոշում ընդունեց, որ ճապոնական երկու ընկերություններ պետք է փոխհատուցում վճարեն 1910-1945 թթ.-ին Ճապոնիայի կողմից Կորեական թերակղզու գաղութացման ժամանակ Հարավային Կորեայի հարկադիր աշխատանքի զոհերին:
Իր հերթին, Հարավային Կորեայի առևտրի նախարարությունն սկսեց իր վստահելի առևտրային գործընկերների ցուցակից Ճապոնիան բացառելու գործընթացը։
Այս տարվա մարտին Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պայմանավորվեցին համատեղ ջանքեր գործադրել երկկողմ հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ Ճապոնիան մարտին հանեց Սեուլ արտահանման սահմանափակումները, իսկ Հարավային Կորեան ապրիլին Ճապոնիան վերադարձրեց իր վստահելի առևտրային գործընկերների ցուցակ։
Կարծիքներ