Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը կվերազինվի և կներկայանա խոշոր՝ նոր նախագծերով
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը կվերազինվի և կներկայանա խոշոր՝ նոր նախագծերով:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը:
Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցն ունի մոտ 350 սան։ 2015թ. բացված կենտրոնում տարիների ընթացքում կուտակվել են առաջին հայացքից աննկատ, բայց առաջնահերթ լուծում պահանջող մի շարք խնդիրներ։
Համայնքային ենթակայության մարզադպրոցի պայմաններին տեղում ծանոթացել ու զարգացման հնարավորոթյուններն է քննարկել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը:
«Այդ կենտրոնը Երևանի քաղաքապետարանի ամենախոշոր մարզահամալիրներից է՝ շատ մեծ ներուժ ունեցող: Խնդիրներն ընթացիկ և տեխնիկական են: Այս պահին քննարկումն ենք էներգախնայողության համակարգերի ներդրումը, քանի որ տարին 12 ամիս սառցադաշտի պահպանումը էլեկտրաէներգիայի մեծ ծախս է ենթադրում: Քննարկվում է արևային էներգիայով ինչ-որ չափով փոխհատուցելու տարբերակը»,-նշել է Գևորգ Սիմոնյանը:
«Սահադաշտն ունի նաև տեխնիկական վերազինման խնդիր»,- ասում է նորանշանակ տնօրենը: Մարզադպրոցը պետք է ծառայի ոչ միայն մարզումների համար, այլև դառնա քաղաքացիների հագեցած ժամանցի կենտրոն:
«Առաջիկայում նախատեսում ենք ձեռք բերել լուսային նոր սարքավորումներ: Կտեղադրվի նաև մեծ էկրան»,-ասել է մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:
Ամռան տապին Երևանի ամենազով անկյունում՝ սահադաշտում, 10 աստիճան տաքություն է: Որպեսզի ամեն ինչ ճիշտ ժամանակին և անխափան աշխատի, ամենապատասխանատու գործը տեխնիկական սպասարկման անձնակազմինն է:
Այս օրերին Երևանում մարզվում է Ռուսաստանի Դաշնության ազգային հավաքականը։ Մարզադպրոցի սառույցը զարմացրել ու տպավորել է մարզիկներին:
«Ես երբեք չեմ եղել Հայաստանում ու Երևանում: Հիանալի ու լուսավոր սահադաշտ է: Սառույցի որակը ևս շատ բարձր է»,-ասել է ՌԴ գեղասահքի ազգային հավաքականի մարզիչ Եվգենի Ռուկավիցինը:
«Ղեկավարության հետ պայմանավորվածություն կա թե՛ կրթական, թե՛ աշխատանքային միջավայրի որակը և բովանդակությունը նոր մակարդակի, նոր շեմի հասցնելու: Այս ուղղությամբ շատ անելիք կա, և արդյունքները մոտ ապագայում տեսանելի կլինեն»,- ընդգծել է Երևանի փոխքաղաքապետը:
Մարզադպրոցն այժմ պատրաստվում է մի շարք նոր ու մեծ նախագծերի: Արդեն աշնանը դրանք կներկայացվեն երևանցիներին:
Կարծիքներ