Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառում Բրազիլիայի Հայոց Թեմում
Հայ ժողովրդի պատմության անջնջելի էջերից մեկը 106 տարիներ առաջ հայատյացությամբ հայտնի Օսմանյան Թուրքիայի կողմից տեղի ունեցած ցեղասպանությունն է:
Այո´, դա փորձ էր հայ ժողովրդի բնաջնջման, նրա կեղեքման.չենք վախենա ասել, որ մասամբ Թուրքիան կարողացավ իր առջև դրված խնդիրը իրեն հասանելիք բիրտ ձևով կատարել: Թուրքիան Արևմտյան Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում կատարեց այնպիսի մի ոճրագործություն, որ բառերը անկարելի են բացատրելու կամ նկարագրելու ցավալի այդ իրականությունը:
Հայոց ցեղասպանությունը պատմական իրականություն լինելուց բացի նաև մեծագույն դաս է հայ ժողովրդի և կարելի է ասել աշխարհի յուրաքանչյուր ժողովրդի համար: Պատմական այդ իրողությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։
Հայոց ցեղասպանության պատմական իրականություն լինելը այսօր շատ պետությունների ընդունման սեղանին է դրված, և դեռ այս ամենի մասին պիտի խոսվի, պիտի ամենուր այս ճշմարտությունը բարձր ամբիոններից պատմվի, քանի որ այն արդեն անհերքելի փաստ է ամբողջ աշխարհի համար:
Մեր սուրբ նահատակներից շատերը հալածվեցին իրենց կրոնական հայացքների համար, նրանք եղան ամուր վահանը Քրիստոսի խոսքերին՝ «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:Երանի՜ է ձեզ, երբ ձեզ նախատեն ու հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք՝ սուտ ասեն: Ցնծացե՛ք եւ ուրախացե՛ք, որովհետև երկնքում ձեր վարձը շատ է, քանի որ այսպես հալածեցին մարգարեներին, որոնք ձեզնից առաջ են եղել:» (Մտթ. 5.1֊0-12)։
2015 թ. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հայոց ցեղասպանության հիշատակը վավերացրեց սրբադասմամբ, հոգեհանգստի ամենամյա արարողություններին փոխարինելու եկավ հիշատակության կանոնը, այսուհետ ողջերս ենք խնդրելու սուրբ նահատակների բարեխոսությունը մեզ համար: Բրազիլիայի հայոց թեմում տարվույս ապրիլ 24-ին և ընթացս սուրբ պատարագին ձեռամբ առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի կատարվեց «Սրբոց Նահատակաց» պատկերի օծում: Վազգեն (սարկավագ) և Ներսես (դպիր) Եգիներյան եղբայրների բարերարությամբ և ի հիշատակ իրենց եկեղեցասեր ծնողի՝ Բյուզանդ Եգիներյանի հոգու խաղաղության և անմահության, սբ. Գևորգ մայր տաճարին ընծայվեց հայոց ցեղասպանությանը նվիրված «Սրբոց Նահատակաց» շնորհառատ պատկերը: Բրազիլիայի հայոց թեմի հոգևորականաց և հավատացյալ ժողովրդի համար օրը կարևոր էր:
Պետք է նշել, որ Բրազիլիայում մինչ այսօր ապրում են հայոց ցեղասպանության արհավիրքը ապրած շատ ու շատ հայորդիների սերունդեր, (Մեծամասամբ՝ Մարաշ և Հաճն): Պատկերը գեղեցիկ և հանդիսավոր կերպով դպրաց և սարկավագաց դասը բարձրացրեց վեր: Գինիով և ջրով լվանալուց հետո առաջնորդ սրբազան հայրը «Տէր Աստուած զօրութեանց եւ արարիչ ամենայն լինելութեանց» աղոթքով, Ամենասուրբ Երրորդության երկնառաք շնորհները հայցելով պատկերին, օծեց և սրբագործեց այն: -Շատ ու շատ հայորդիների սրտերում միահյուսված է աղոթքը, արդարության հանդեպ վճռականությունը մեկ անգամ ևս եկավ և ապացուցվեց այս արարողությամբ:
Սիրելի´ հայորդիներ, դարեր շարունակ հայ ժողովուրդը անցել է թշնամիների՝ մեր արյունով ներկված սրի տակով, բայց հակառակ նրանց՝ հայը եղել է չպարտվող մարդու տեսակ:
Այս գաղափարի ապացույցը մենք տեսանք Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ: Արցախյան վերջին գոյամարտի ընթացքում աշխարհի ժողովուրդների համար պատուհաս դարձած թուրքական ցեղախումբը մեկ անգամ ևս փորձեց կրկնել պատմությունը, բայց մեր զինվորների, մեր սուրբ նահատակների պայքարի և վճռականության շնորհիվ հայը չպարտվեց, հաղթեց գաղափարը, հաղթեց այն զինվորը, որը ապրել և դաստիարակվել էր դեռևս 100 և ավելի տարիներ առաջ գոյացած ոխով: Թող այս պատկերի մյուռոնաբույր անուշահոտությունը և հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների բարեխոսությունը խաղաղություն և անսասանություն պարգևի Հայաստան և Արցախ աշխարհին:
Բրազիլիայի Հայոց Թեմի տեղեկատվական բաժին
Կարծիքներ