Շատ բան ունեմ ասելու, բայց դեռ համբերատար լսում եմ, իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն. Ծառուկյան
Այսօր կայացած դատական նիստում ընթերցել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը, համաձայն որի՝ վերջինը կազմակերպել է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալը։ Ըստ մեղադրանքի՝ Կոտայքի մարզում 171 մլն դրամ ընտրակաշառք է տրվել՝ 17 հազար քվեի համար։
Ծառուկյանն իր դիրքորոշումը հայտնելու իրավունքից օգտվելով, դատարանի դահլիճում հայտարարեց, որ որևէ մեկին կաշառք չի տվել, ոչ մեկը դա ապացուցել չի կարող:
«Ընտրություն է, բոլորս էլ գիտենք, որ գումարները նախատեսված է կենտրոնական գրասենյակում, որ ասենք՝ վառելիք է, աշխատավարձ է, օգնություն է, բենզին է, վարձավճար է շենքերի համար:
Թող մեկն ասի՝ չկա, թեկուզ նույն ինքը՝ Վազգեն Պողոսյանը, որին բռնել են փետրվարին, հունիսին նոր գործ են հարուցում, հասարակ տրամաբանություն է: Բռնել եք, հանցանք կա, դե ապացուցեք։ 53 հազար մարդու քննել են, կալանավորել են 3 օրով, մի ամսով, բայց վերջում ոչ մի բան չկա, էդքան հատորը թափել են մի կողմ, բռնել են մի Վազգեն Պողոսյան։
Եղբայր, եթե կա, թող հարգելի դատախազն ասի՝ Ծառուկյան, այ՝ Պողոսն ասում ա, որ դու իրան տվել ես գումար։ Նա ոչ դեպուտատ էր, ոչ էլ պետք է դառնար:
Կամ՝ 170 մլն։ Ուրեմն, իրենց ասելով, 117 հազար ձայն պետք է լիներ, բայց տարել ենք 7000-8000 ձայն, ինչի՞ մասին է խոսքը։
Ես ավելին կասեմ, ավելի իրականությունը կբացահայտեմ, որ սաղ ամաչեն, գետինը մտնեն, որ լիարժեք մարդու գլխին չի կարելի էդ աստիճանի սարքել։ Ես դեռ համբերատար լսում եմ, շատ հանգիստ լսում եմ։ Չի կարելի, էլի, ամոթ ա մի քիչ։ Ես էլ շատ բաներ ունեմ ասելու, բայց հզոր մարդիկ միշտ զուսպ են լինում, չափի մեջ հարգալից են լինում:
Հիմա եթե մեղադրանք են առաջադրում առանց ապացուցելու, որ ես մեկին գումար եմ տվել: 3000 հոգի քննել են, 110 քննիչ դրել են, սաղին ձերբակալել, վախեցնելով, հետո էդ 50 հատորը թափում են մի կողմ:
Շատ բան ունեմ ասելու»,- հայտարարեց Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրա որդիները՝ Նվեր և Հովհաննես Ծառուկյանները, կինը՝ Ջավահիր Ծառուկյանն ու ծնողները՝ Ռոզա և Կոլիկ Ծառուկյանները, ինչպես նաև Ծառուկյանների հարսը այս տարվա օգոստոսին հրավիրվել էին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն։
Նոյեմբերի 23-ին ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանին Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձման պահանջ էր ներկայացրել:
Կարծիքներ