Մեկնարկել է շախմատի Երևանի Օփեն միջազգային մրցաշարը
Երևանում մեկնարկել է Երևանի շախմատի 5-րդ բաց առաջնությունը, որի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, ֆեդերացիայի նախագահության անդամները:
Մրցաշարի աշխարհագրությունն այս տարի ընդլայնվել է. մասնակցում է ավելի քան 290 շախմատիստ, որից 71-ը՝ միջազգային կոչում ունեցող, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր՝ 13 երկրից:
Թե՛ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, թե՛ Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը շեշտել են՝ չնայած նրան, որ Հայաստանը դժվար օրեր է ապրում, մեր երկիրը պատրաստ է ընդունել միջազգային մրցաշարերն ամենաբարձ մակարդակով:
«Հայաստանի համար այս շատ բարդ ժամանակաշրջանում նմանօրինակ միջազգային մրցաշարը նաև մեր երկիրը հանրահռչակելու առաքելություն ունի և ցույց տալու, որ չնայած այսպիսի արհավիրքներին՝ մենք տոկուն ենք ու կարողանում ենք անգամ այս պահերին մաքառել, պայքարել և փաստել, որ Հայաստանը կա և լինելու է հավիտյան: Սպորտն աճ է գրանցում, երբ կան մրցաշարեր ու փորձ է ձեռք բերվում հենց այսպիսի մրցաշարերի միջոցով: Միայն մարզվելով հնարավոր չէ չեմպիոն դառնալ, իսկ այսպիսի մրցաշարերն օգնում են մարզիկներին բարելավել իրենց վարպետությունը, դառնալ ավելի սառնասիրտ, վստահ և հետագայում գրավել ավելի լուրջ բարձունքներ»,- ընդգծել է Կարեն Գիլոյանը:
Նշենք՝ մրցաշարի առաջին համարը միջազգային գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն է՝ 2643 վարկանիշով: Երկրորդ տեղում օրեր առաջ Ծաղկաձորի մրցաշարում հաղթանակած Հնդկաստանի հավաքականի թեկնածու, միջազգային գրոսմայստեր Աբհիմանյու Պուրանիկն է: Հայ շախմատիստների թվում են նաև լեգենդար Ռաֆայել Վահանյանը, Արցախից՝ Հովիկ Հայրապետյանը, Արթուր Դավթյանը, Հրայր Սիմոնյանն ու այլոք:
9 տուր շարունակ մասնակիցները կպայքարեն 15 մլն դրամ մրցանակային ֆոնդի համար:
Հոկտեմբերի 3-ին՝ 5-րդ տուրի ավարտից հետո, կանցկացվի նաև ավանդական դարձած բլից մրցաշարը:
Կարծիքներ