Հաստատվել է արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը

Հաստատվել է արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը, արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների: Հրամանն ուժի մեջ է մտնում 2024 թվականի մայիսի 1-ից:

Փաստաթղթով կարգավորվում են արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների (մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների արտադպրոցական ծրագրերի երաշխավորման և արտադպրոցական ծրագրի ձևաչափի և վերջնարդյունքների հետ կապված հարաբերությունները:

Արտադպրոցական ծրագրերի երաշխավորումը

Արտադպրոցական ծրագրերը կարող են մշակվել ինչպես մեկ կամ երկու ուղղությամբ, այնպես էլ համակցված (հիբրիդային) ծրագրով՝ հաշվի առնելով երեխաների ընդունակությունները, նախասիրությունները, հոգեբանական, ֆիզիոլոգիական, տարիքային առանձնահատկությունները, կարողունակությունների մակարդակը։ Արտադպրոցական ծրագրերը մշակում են վերոնշյալ հաստատությունները (մանկապատանեկան մարզադպրոցների դեպքում՝ մասնագիտացված բուհը): Արտադպրոցական ծրագրերն իրականացվում են առարկայական ծրագրերի միջոցով, որը մշակում է մասնագիտացված միջին կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը կամ այլ կազմակերպություն: Հաստատության մանկավարժական աշխատողները (խմբակավարները) կարող են մշակել հեղինակային արտադպրոցական ծրագրեր։

Ծրագրի նախագծերն անհրաժեշտ է սահմանված ժամկետներում ներկայացնել ԿԳՄՍ նախարարություն՝ մասնագիտական փորձաքննության նպատակով: Նախագիծը նախարարությունը փորձաքննության է ուղարկում գիտական, կրթական մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատություն։

Դրական փորձագիտական եզրակացություն ստացած ծրագրերը ԿԳՄՍ նախարարի հրամանով երաշխավորվում են գործածության: Բացասական եզրակացության դեպքում ծրագիրը համապատասխան հիմնավորումներով նախարարության կողմից վերադարձվում է հեղինակին՝ լրամշակման։

Հրամանով հաստատվել են նաև արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների: Սահմանվել են արտադպրոցական ծրագրի բովանդակության ներկայացումը՝ ըստ ուղղությունների, վերջնարդյունքները, ինչպես նաև հաստատության կողմից ներկայացրած և նախարարի հրամանով երաշխավորված արտադպրոցական ծրագրի ձևաչափը:

Հաստատություններն իրենց իրավունքների և ու ազատությունների շրջանակում կարող են ուսումնական պլանի մշակման գործընթացն իրականացնել ստեղծագործաբար և դրանում առավելագույնս հաշվի առնել անհրաժեշտ բոլոր առանձնահատկությունները՝ շեշտադրումը դնելով տեղայնացման անհրաժեշտության և կարևորության վրա։

Կարգը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, որի ապահովումը ենթադրում է արտադպրոցական կրթական ծրագրերի արդիականացում, լրամշակում, արտադպրոցական կրթական ծառայությունների վերաբերյալ լիարժեք տեղեկատվության, ինչպես նաև պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կրթական ծրագրերի թափանցիկության ապահովում։

Այսպիսով՝ կստեղծվեն արտադպրոցական կրթական ծառայությունների վերահսկման հստակ մեխանիզմներ, և մշտադիտարկումների արդյունքում կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը: