Բուրկինա Ֆասոյում գրոհայինների կողմից սպանվել է առնվազն 11 զինվոր
Արևելյան Բուրկինա Ֆասոյում զինյալները սպանել են առնվազն 11 զինվորի և վիրավորել ութին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի հայտնել է Reuters գործակալությունը ՝ հղում անելով երկրի զինված ուժերի աղբյուրներին։
Աղբյուրները, սակայն, հարձակման մանրամասներ չեն հաղորդել: Բուրկինա Ֆասոյի կառավարությունը, Reuters-ի փոխանցմամբ, հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը։
Հունվարի 23-ին զինվորականները ապստամբեցին Բուրկինա Ֆասոյում, իսկ մեկ օր անց նրանք զավթեցին իշխանությունը, որն այժմ գտնվում է իրենց ստեղծած «Պաշտպանության և վերականգնման համար հայրենասիրական շարժման» ձեռքում։ Այն ղեկավարում է փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբան։ Զինվորականները հայտարարեցին նախագահի պաշտոնանկության, կառավարության ու խորհրդարանի ցրման մասին։ Միաժամանակ նրանք հայտարարեցին, որ շուտով կներկայացնեն Բուրկինա Ֆասոյի սահմանադրական կարգին վերադարձման ժամանակացույց։
Հունվարի 31-ին զինվորականները հայտարարեցին, որ Դամիբան դարձել է նախագահ, պետության ղեկավար և գերագույն հրամանատար։ Մարտի 1-ին ընդունվել է անցումային կանոնադրություն, որը նախատեսում է իշխանությունը զինվորականների ձեռքում պահել երեք տարի։ Արեւմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքը կասեցրել է Բուրկինա Ֆասոյի անդամակցությունը, սակայն պատժամիջոցներ չի սահմանել այդ երկրի նկատմամբ։
Կարծիքներ