Ճապոնիան և Ֆրանսիան պատմության մեջ առաջին անգամ կործանիչ ավիացիայի զորավարժություններ են սկսել
Ճապոնիան և Ֆրանսիան մեկնարկել են կործանիչ ինքնաթիռների՝ պատմության մեջ առաջին համատեղ զորավարժությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է անվտանգության ոլորտում երկու երկրների համագործակցության խթանումը՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի աճող ռազմական ներկայության պայմաններում։
Զորավարժությունները կտևեն մինչև հուլիսի 29-ը։ Դրանց մասնակցում է Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերի երեք F-15 և երկու F-2 կործանիչ և Ֆրանսիայի օդատիեզերական ուժերի երկու Rafale կործանիչ։
Զորավարժությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի մյուս անդամներն ընդլայնում են իրենց պաշտպանական համագործակցությունը Տոկիոյի հետ։ 2022 թ․-ից սկսած՝ Ճապոնիայի օդային ինքնապաշտպանության ուժերը կործանիչների համատեղ զորավարժություններ են անցկացրել Գերմանիայի և Հնդկաստանի հետ։
Հաջորդ շաբաթ նախատեսվում են նման զորավարժություններ Իտալիայի, իսկ օգոստոսի վերջին՝ Ավստրալիայի հետ։
Կարծիքներ