Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Մեկնարկել է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը

Սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտի ամենամյա «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է սեպտեմբերի 26-ից մինչև հոկտեմբերի 8-ը (Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրերը՝ հին և նոր տոմարներով):

Կոմիտաս Վարդապետի 153-ամյակի առթիվ Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հոգեհանգստյան կարգ է մատուցել Կոմիտասի անվան պանթեոնում, որի ընթացքում հոգևոր երգասացություններ է կատարել «Գեղարդ» երգեցիկ խումբը։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի աշխատակազմը, մշակութային գործիչներ և արվեստասերներ ծաղիկներ են խոնարհել Վարդապետի շիրմին: Այնուհետև հնչեցվել է թանգարանի զանգը։

Իրավիճակով պայմանավորված՝ այս տարի «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնի մասշտաբային միջոցառումները չեղարկվել են: Գիտաժողովը կանցկացվի առավել զուսպ, կամերային ձևաչափով:

Գիտաժողով-փառատոնի շրջանակում նախատեսված են հետևյալ միջոցառումները.

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա կամերային երաժշտության համերգ՝ սոպրանո Աննա Սամուիլի և դաշնակահար Մաթիաս Սամուիլի (Գերմանիա) մասնակցությամբ, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի դահլիճում: Ծրագրում՝ Կոմիտաս Վարդապետի և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կհնչի Տիգրան Մանսուրյանի «Արվեստ քերթության» ստեղծագործությունը (խոսք՝ Ե. Չարենցի)՝ Հայաստանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 09:30-16:30, և հոկտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-15:30, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի դահլիճում կանցկացվի «Կոմիտաս» միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ Հայաստանի և արտերկրի (Իտալիա, Ուկրաինա, ԱՄՆ, Կանադա) առաջատար գիտական հաստատություններից:
Հոկտեմբերի 8-ին Հառիճի վանական համալիրոմ կհնչի Կոմիտասի «Պատարագը»՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինա Ոսկանյան):