Սեպտեմբերին մեկնարկել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի աշնանային փուլը

Սեպտեմբերին մեկնարկել է  «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի աշնանային փուլը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2022 թվականին իրականացնում է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:

Ծրագիրը միտված է երեխաների մասնագիտական կողմնորոշմանը, հոգևոր զարգացմանը, արվեստի ճյուղերի ճանաչմանն ու հայ արվեստագետների հանրային ճանաչելիության բարձրացմանը:

«Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի աշնանային փուլը մեկնարկել է սեպտեմբերին:

Սեպտեմբերի 27-30-ը ՀՀ Շիրակի մարզի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի հերթական հանդիպումների շարքը: Ընդհանուր հանդիպումներին կմասնակցեն Գյումրու քաղաքի 36 դպրոցների 288 աշակերտներ:

Աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու սիրված արվեստագետներ, բեմադրիչ, դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Դավիթ Հակոբյանի, ռեժիսոր, դերասան Աղասի Մելքոնյանի, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի, ջազ երաժիշտ, սաքսոֆոնահար, գործիքավորող, կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցի հետ:

Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 22-24-ը ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի արվեստի դպրոցում, Հրազդանի Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցում և Աբովյան քաղաքի Զարե Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում տեղի են ունեցել դասախոսություն-հանդիպումների շարք հայտնի արվեստագետների՝ կոմպոզիտոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանի, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի, ՀՀ վաստակավոր արտիստ, ջութակահար, Գինեսի ռեկորդակիր Նիկոլայ Մադոյանի հետ: ՀՀ Կոտայքի մարզում հանդիպումներին մասնակցել են 28 դպրոցների 267 աշակերտներ։

Նշենք, որ «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» ծրագրի շրջանակում իրականացվում են Հայաստանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ: Կազմակերպվում են հանդիպում-քննարկումներ արվեստագետների ու մշակութային գործիչների հետ: Ծրագրին կմասնակցեն շուրջ 3500 դպրոցականներ 450 դպրոցներից, ՀՀ մարզերից և Երևանից։ Հանդիպումներն իրականացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն են ունենում ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն դիտում են տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցում են հյուրի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում:

Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում լինում է նաև հարցուպատասխանի հատված, որը նպաստում է աշակերտ-արվեստագետ առավել անմիջական շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում